Ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ Ամուլսարի շահագործումը, դա 10 բալանոց սեյսմիկ գոտի է, Ջերմուկ ենք կորցնում, Սևան ենք կորցնում. Նազելի Վարդանյան
«Ամուլսարի հանքը բազմաթիվ ռիսկեր ունի»,- Ամուլսարի շահագործման դեմ այսօր COP 17-ի շրջանակում բողոքի ակցիայի ժամանակ ասել է էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը։
Նա նշել է, որ դեռևս 2012 թվականին Սևանի հանձնաժողովը 4 հիմնական կետ է նշել, մնացած բոլոր փորձագետներն էլ հաստատել են.
«1․ սեյսմիկ գոտի է 10 բալանոց,
2․ մեծությամբ 2-րդ սողանքային տարածքն է Հայաստանում,
3․ թթվային դրենաժի վտանգն է, որը հնարավոր չէ կառավարել,
4․ ռադիացիոն բարձր վտանգն է»։
Վարդանյանն ընդգծել է, որ սրանք այն ռիսկերն են, որոնք չեն կարող փոխվել և կառավարվել. «Նրանք, ովքեր ասում են՝ պետք է կառավարվի, հիմքեր ունեն, նոր տեխնոլոգիաներ… չկան նման տեխնոլոգիաներ, որ սեյսմիկան, սողանքները, ռադացիան, թթվային դրենաժը կարողանան կառավարել կամ կանխել։
Սա մեծ աղետ է»,-ասել է Վարդանյանը։
Նա ընդգծել է, որ Ամուլսարը գտնվում է Սևանի ջրհավաք ավազանում։ «Խախտվել են Սևանա լճի մասին օրենքը, Կենսաբազմազանության մասին կոնվենցիան, Բեռնի կոնվենցիան, Օրխուսի կոնվենցիան, բոլորը կոնվենցիաները խախտվել են։ Ու այսօր մենք այս պաշարով եկել՝ COP-17 ենք անում, փոխանակ մենք ունենայինք ձեռքբերումներ, ոչ թե մեկ շաբաթ առաջ Ամուլսարի հանքի շահագործման բացում անեն։ Հատուկ այնպես արվեց, որ մենք գնացինք այս ծայրահեղ քայլին և խոսում ենք այս խնդիրների և այս անօրինականությունների մասին։ Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ հանք արդյունահանությունը Ջերմուկում»։
«Բեռնի կոնվենցիան մեր դիմումի համաձայն որոշում է կայացրել՝ անհապաղ դադարեցնել շինարարությունն ու հանքարդյունաբերությունը Ամուլարում, նշանակել նոր փորձաքննություն, առանց փորձաքննական եզրակացության հնարավոր չէ հանքարդյունաբերությունը, դա անօրինական գործունեություն է։ Մեր կառավարությունը COP17-ից առաջ արհամարհում է միջազգային կազմակերպության պահանջը։ Այսպես ձեռնոց է նետում միջազգային հանրությանը»,- ասել է էկոլոգ-իրավաբանը։
Նա նշել է, որ ոչ մի դեպքում չպետք է թույլ տրվի հանքարդյունաբերությունը Ամուլսարում. «Մենք կորցնում ենք Ջերմուկը, Սևանը։ Բոլոր փորձագետներն ասել են՝ ջրերը կեղոտվելու են, դուք 500 տարի միլիարդներ էլ ծախսեք, չեք վերականգնելու։ Մենք երկիր ենք կորցնում։
Ամուլսարը հանք չի դառնալու, Ամուլսարը սար է մնալու»։

