Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված՝ Սևանա լիճ ծանր տեխնիկայի միջոցով շինարարական աղբ լցնելու վերաբերյալ ահազանգի հիման վրա ստուգում է իրականացվել տեսանյութում նշված՝ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում։
ԲԸՏՄ-ի փոխանցմամբ՝ ստուգման շրջանակներում իրականացված տեղանքի չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում կատարվել են շինության ապամոնտաժման և հարթեցման աշխատանքներ, որի հետևանքով
– 580 քմ մակերեսով հատուկ պահպանվող տարածք դեգրադացվել է,
– 33 քմ մակերեսով ջրային տարածքն աղտոտվել է։
«Իրականացվել է հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկ, ըստ որի՝ հասցված վնասը կազմում է 946,404 ՀՀ դրամ։
Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն»,- ասվում է հաղորդագրությունում։

