Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները տարվել է Շողակաթի վանք

Հունիսի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Վաղարշապատի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է:

Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքներն ամփոփող խաչ-մասունքարանն առավոտյան Մայր Աթոռից Սուրբ Շողակաթ վանք տարվեց եկեղեցականների հանդիսավոր թափորով:

Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մասունքարանով օրհնելով բարեպաշտ ժողովրդին:

Այնուհետև սրբազան մասունքները Նորին Սրբությունը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Անանիա եպիսկոպոս Ծատուրյանին:

Տոնի կապակցությամբ վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Սուրբ Շողակաթ վանքի վանահայր Հոգեշնորհ Տ Արիս աբեղա Տոնոյանը։

Սուրբ Պատարագի ավարտին Սուրբ Շողակաթ վանքի բակում Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանի հանդիսապետությամբ Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքներն ամփոփող խաչ-մասունքարանով կատարվեց Անդաստանի կարգ: