Թուրքիան բարեկարգման աշխատանքներ է սկսել Հայաստանի հետ սահմանին
Թուրքական «DHA» լրատվական գործակալությունը հայտնում է, որ դեպի Ալիջան-Մարգարա սահմանային անցակետ մուտքն ապահովող երթուղում սկսվել են ճանապարհաշինական աշխատանքներ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Ալիջան գյուղից մինչև սահմանային անցակետ մոտ 6 կիլոմետրանոց հատվածում ընթացող աշխատանքների շրջանակներում գործող ճանապարհի երկայնքով ստեղծվում է լրացուցիչ երթուղի, իսկ ճանապարհի լայնությունը մեծացվում է մինչև 30 մետր։ Դա արվում է դեպի անցկետ տանող ճանապարհը բարեկարգելու համար։
Մաքսային և սահմանային ենթակառուցվածքների նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկած նախագիծը կարևոր է համարվում սահմանային անցակետ տանող տրանսպորտային ցանցի ամրապնդման տեսանկյունից:
Գործակալությունը նաև նշել է, որ մյուս կողմից էլ, Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռեշադ Մամեդովը նախկինում հայտարարել էր, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կբացվի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք ընտրություններից և սահմանադրական փոփոխությունների գործընթացի ավարտից հետո։

