Այդ ո՞ր երկրների բարձր պատերով սենյակներում և ովքե՞ր էին Նիկոլ Փաշինյանին նշանակել որպես «Վրացյան ու Քաջազնունի»
Նիկոլ Փաշինյանի հետ բացարձակապես կապ չունեցող «Հայկական Ժամանակ»-ը, կրկին մի հոդված էր հրապարակել երեկ՝ անխնա գերարժևորելով իր նախկին խմբագրին, ով այդպես էլ չի ցանկանում ընդունել, թե ինչ ծավալի աղետ ու ինչպիսի դաժան հետևանքներ է պարգևել հայ ժողովրդին:
Կայքը, տողատակերով ու պատմական իրադարձություններով համեմված համեմատականներով, փորձում է «բացատրել»-մանիպուլյացնել ընթերցողին, թե աշխարհի վատ ձյաձյաներն ու ծյոծյաները, ինչ չար ծրագրեր էին նախպատրաստեսել հայ ժողովրդի դեմ: Բայց հայ ժողովուրդը, կանգնեց հեքիաթի «հզոր ասպետ», ավելի քան Սասունցի Դավիթ, Նիկոլի կողքին, և խափանվեցին հյուսիսի ու արևմուտքի այդ չար ձյաձյաների ու ծյոծյաների սև գործերը: Փաստորեն՝ հայտնի ազգակործանից անհայտ ազգափրկիչ հռչակված Նիկոլ Փաշինյանը կանխեց նոր Ալեքսանդրապոլը: Ժյուլ Վեռնը հաստատ կնախանձեր այդ հոդվածագրին:
Մեջբերեմ հիշյալ հոդվածից մի հատված:
«…Նիկոլ Փաշինյանը այդ խունավ, մեծ պատուհաններով ու բարձր պատերով սենյակներում նշանակված էր որպես նոր Քաջազնունի ու Վրացյան։ Սակայն նա այնքան հզոր կերպար դուրս եկավ, որ ոչ միայն խափանեց այդ սցենարը, այլև դարձավ մեր պատմության հավաքական Արտաշես, Վռամշապուհ, Պապ ու միաժամանակ Արամ Մանուկյան, որին հասկացավ ու ընդունեց հայ ժողովուրդը»:
Օօօ Աստվածնե՜ր, ինչպիսի՜ անօրինակ համեստություն, ինչպիսի՜ նազանքով ու ամոթխած քնքշանքով հյուսված մարգարտաշար տողեր…
Մարդ քիչ է մնում հուզմունքից խեղդվի, մի թաշկինակ վերցնի ու գնա Նիկոլի շրջիկ քարոզարշավում հանդիպի նրան, փարվի նրա կիսաաստվածային (ներիր ինձ Տեր Աստված) աքիլեսյան կերպարին, գլուխը դնի նրա դյուցազնական ուսին, և թաց աչքերով ու կիսաձայն շշուկով շնորհակալություն հայտնի իր նորօրյա «փրկչին»:
Հարգելի «Հայկական ժամանակ»: Շատ շնորհակալ եմ երգիծանքի և հումորի համար: Բայց խնդրում եմ պատասխանեք ձեր իսկ բացած ու կիսաբաց թողած հարցին:
Այդ, ո՞ր երկրների բարձր պատերով սենյակներում, և ովքե՞ր էին Նիկոլ Փաշինյանին նշանակել որպես «Վրացյան ու Քաջազնունի»: Սա նշանակու՞մ է արդյոք, որ դուք էլ եք կարծում, որ Նիկոլին դրսից են նշանակել, և չի եղել ոչ մի թավշյա հեղափոխություն…
Որպեսզի հարցիս բուն պատճառը հասկանաք, մեջբերեմ ձեր հոդվածից ևս մի հատված. «…44-օրյա պատերազմը և հետագա իրադարձությունները գծված էին մեծ սենյակներում, որտեղ ազգերի ու պետությունների ճակատագիրը որոշելու ավանդույթներ կան»:
Եվ վերջապես, ձեր այս հոդվածը միթե հերթական փորձը չէ, Արցախի աղետալի կորուստն ու Հայաստանի շուրջ ստեղծված վտանգավոր իրավիճակը Նիկոլ Փաշինյանից հեռացնելու և դրսի ուժերի վրա գցելու նպատակով:
Դրսում չար ուժերի և Հայ Ժողովրդի դեմ դավեր նյութողների պակաս Հայոց պատմությունը ցավոք չունի: Բայց այդ նույն պատմությունը, ցավոք չի ունեցել նաև թույլակամ, դիլետանտ ու դավադրապաշտ դերակատարների պակաս:
Այդ ի՞նչն է ձեզ ստիպել հավատալ, որ Նիկոլ Փաշինյանն է հայ ժողովրդի հավաքական Արտաշեսը, Վռամշապուհը, Պապն ու Արամ Մանուկյանը: Ասեք մենք էլ իմանանք, այսքան չքննադատենք ու անարգանքի սյունին չգամենք այդ «հերոս մարդուն»:
Հ.Գ.
Կարող է՞ 21-րդ դարում հայրենիքից ու ազգային արժեքներից հրաժարվելը, պատմական հիշողությունը խամրելը քաղաքական նոր թրենդ է, իսկ մենք դեռ մնացել ենք real politik-ի ձեռքին գերի:
ՀՀԿ ԳՄ անդամ՝ Արտակ Զաքարյան

