Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով այնտեղ մնացած նավերի ուղեկցման գործողություն սկսելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով այնտեղ մնացած նավերի ուղեկցման գործողություն սկսելու մասին։ Թրամփը Truth Social հարթակում գրել է, որ «Ազատություն» նախագիծը կմեկնարկի մերձավորարևելյան ժամանակով մայիսի 4-ի առավոտյան։
Թրամփի խոսքով՝ Հորմուզի նեղուցում շրջափակման մեջ մնացած երկրներն ԱՄՆ-ին խնդրել են օգնել դուրս բերել նավերն այնտեղից։
«Նրանք պարզապես չեզոք և անմեղ դիտորդներ են։ Հանուն Իրանի, Մերձավոր Արևելքի և Միացյալ Նահանգների բարօրության՝ մենք այս երկրներին ասել ենք, որ կուղեկցենք նրանց նավերը և անվտանգ կերպով դուրս կբերենք սահմանափակումների մեջ գտնվող այս ջրային ուղիներից, որպեսզի նրանք կարողանան ազատորեն զբաղվել իրենց գործերով։ Կրկնում եմ՝ սրանք աշխարհի այն տարածքներից եկած նավեր են, որոնք որևէ կերպ ներգրավված չեն Մերձավոր Արևելքում ներկայում տեղի ունեցող իրադարձություններում», – գրել է Թրամփը՝ հավելելով, որ այդ նավերը չեն վերադառնա, մինչև այդ տարածաշրջանում նավագնացության անվտանգություն չլինի։
Թրամփը շեշտել է, որ սա «մարդասիրական ժեստ է Միացյալ Նահանգների, Մերձավոր Արևելքի երկրների, բայց մասնավորապես՝ Իրանի անունից»։ Նրա խոսքով՝ այդ նավերի մեծ մասում սննդի և մեծաթիվ անձնակազմերին պահելու խնդիր կա։
«Եթե այս մարդասիրական գործընթացը որևէ խոչընդոտի հանդիպի, ապա, ցավոք, ստիպված կլինենք այդ միջամտությանն ուժով արձագանքել», – գրել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը նաև հայտնել է, որ իր ներկայացուցիչներն Իրանի հետ անցկացնում են «դրական» քննարկումներ, որոնք կարող են «բոլորի համար շատ դրական ինչ-որ բանի հանգեցնել»։
Իր հերթին, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը X-ում հայտնել է, որ Հորմուզի նեղուցում շրջափակման մեջ գտնվող նավերը դուրս բերելուն ուղղված «Ազատություն» նախագծում ներգրավված կլինեն կառավարվող հրթիռներով ականակիրներ, ցամաքում և ծովում տեղակայված ավելի քան 100 ինքնաթիռ, անօդաչուներ և 15 000 զինծառայող։
Միևույն ժամանակ, ըստ Ծովային առևտրային գործողությունների բրիտանական վարչության՝ Իսլամական հանրապետության պահապանների կորպուսն Արաբական Միացյալ Էմիրությունների հյուսիսաին ափին գտնվող առևտրային նավերին հրահանգել է շարժվել դեպի Հորմուզի նեղուցի հարավ։
Ըստ տարբեր ԶԼՄ-ների՝ Հորմուզի նեղուցում գտնվող հարյուրավոր նավերում կա շուրջ 20 000 նավաստի։

