Իրանի դեմ պատերազմում խայտառակված Հեգսեթի շնիկները Թրամփին փորձում են ներքաշել մի նոր ու նախորդից վտանգավոր արկածախնդրության մեջ
Կամ էլ դա հենց ինքը՝ Թրամփն է ուզում
Թրամփին առաջարկել են Իրանին «կարճ ու հզոր» հարվածների ծրագիր՝ հաշվի չառնելով կամ միտումնավոր անտեսելով, որ այդ ռազմական գործողությունը չի կարող կարճ տևել Իրանի անխուսափելի պատասխանից հետո: Ինքնին հասկանալի է, որ այդ դեպքում կարող է մեկնարկել պատերազմի երկրորդ փուլը, որը կարող է նախորդից ավելի կատաղի լինել, ավելի երկարատև, երկուստեք ավելի ավերիչ և վտանգավոր: Ոչ միայն երկուստեք, ծանր հարվածներից չի խուսափի նաև Իսրայելը: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) այսօր արդեն զգուշացրել է թշնամուն, որ Իրանը լայնամասշտաբ հարվածներով կպատասխանի ԱՄՆ-ի հարձակումներին:
ԱՄՆ-ի պատերազմի նախարարության (նախկինում՝ Պենտագոն) կազմում գտնվող ու պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին ենթակա ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) Իրանին ռազմական հարվածներ հասցնելու ծրագիր է մշակել, որն առաջարկվելու է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին։ Նպատակը՝ միջուկային գործարքի շուրջ բանակցություններում փակուղին հաղթահարելն է։ Թրամփին նշված ծրագիրն առաջարկելու մասին, Life.ru-ի փոխանցմամբ , հայտնել է ամերիկյան «Axios» պորտալը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Ըստ հրապարակման, խոսքը մի շարք «կարճ և հզոր» հարվածների մասին է, որոնք, հավանաբար, կանդրադառնան ենթակառուցվածքի օբյեկտների վրա։ Դրանից հետո ԱՄՆ-ը նախատեսում է ճնշում գործադրել Իրանի ղեկավարության վրա, որպեսզի ստիպի նրան վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և ճկունություն ցուցաբերել: Այսինքն, ընդգծենք, ընդունել Իրանի ինքնիշխան իրավունքը խախտող իր ստրկացուցիչ պահանջներն ու պայմանները: Ընդ որում, ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփն առայժմ շրջափակումը դիտարկում է որպես ճնշման գլխավոր լծակ։ Սակայն, ըստ աղբյուրների, նա պատրաստ է դիտարկել նաև ռազմական ուժը, եթե Թեհրանը զիջումների չգնա։ Հավելենք, որ Թրամփն օրերս հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Իրանից ակնկալում է նաև պարտության հրապարակային ճանաչում:
NBC հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ Սպիտակ տան իրավիճակային սենյակում երկուշաբթի կայացել է Թրամփի և նրա թիմի հանդիպումը, որի ընթացքում նախագահին առաջարկվել են Հորմուզի նեղուցում զինվորականների գործողությունների տարբեր տարբերակներ:
«Комсомольская правда»-ի փոխանցմամբ, Իրանին ԱՄՆ-ից հարվածների նոր ալիք է սպասվում, հարձակման կենթարկվեն Իսլամական Հանրապետության ռազմավարական օբյեկտներն ու ենթակառուցվածքները: Խոսքը, ամենայն հավանականությամբ, Իրանի էլեկտրակայանների և կամուրջների մասին է, քանի որ Թրամփն ավելի վաղ Իրանին քանիցս սպառնացել էր երկրի բոլոր կամուրջներին և էլեկտրակայաններին ամերիկյան հարվածով:
ТАСС-ի փոխանցմամբ , որը հղում է կատարել «Axios»-ին, CENTCOM-ի ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերն ապրիլի 30-ին Թրամփի համար հատուկ հավաք կանցկացնի: Հանդիպման թեման կլինի Իսլամական Հանրապետությունում ռազմական գործողության վերսկսման նոր տարբերակների ներկայացումը:
«Այս ճեպազրույցը ցույց է տալիս, որ Թրամփը լրջորեն դիտարկում է լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը՝ կա՛մ բանակցային գործընթացում ստեղծված փակուղուց դուրս գալու, կա՛մ պատերազմի ավարտից առաջ վերջնական հարված հասցնելու համար»,- գրել է «Axios»-ը:
«Axios»-ը, «Коммерсантъ»-ի փոխանցմամբ , նշել է նաև, որ փետրվարի 28-ին ռազմական գործողության մեկնարկից մի քանի օր առաջ (ավելի որոշակի՝ փետրվարի 26-ին. Ա. Հ.) Կուպերը նման ճեպազրույց է անցկացրել: Ըստ հրապարակման, Կուպերը Թրամփին կպատմի նաև Հորմուզի նեղուցի գրավման ալգորիթմի մասին: Նշենք, որ ըստ РБК-ի փոխանցած տեղեկատվության , խոսքը Հորմուզի նեղուցի մի մասի գրավման մասին է՝ առևտրային նավերի տեղաշարժը վերականգնելու նպատակով: «Axios»-ի աղբյուրները հավելել են, գործողությունը կարող է պահանջել ցամաքային զորքերի ներգրավում: Մյուս տարբերակը՝ հատուկ նշանակության ուժերի գործողությունն է իրանական բարձր հարստացված ուրանի պաշարների նկատմամբ։
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ հիպերձայնային զենք կիրառել
«Bloomberg» գործակալությունը, ինչպես տեղեկանում ենք ТАСС-ի հրապարակումից, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ-ի ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը խնդրել է «Dark Eagle» հիպերձայնային հրթիռներ ուղարկել Մերձավոր Արևելք՝ Իրանի դեմ հնարավոր օգտագործման համար։
Նշվում է, որ խնդրանքի բավարարման դեպքում այն կդառնա ԱՄՆ-ի կողմից հիպերձայնային հրթիռների տեղակայման (ենթադրելի է նաև՝ կիրառման) առաջին դեպքը: Կենտրոնական հրամանատարությունը, համաձայն «Bloomberg»-ի աղբյուրի, իր խնդրանքը հիմնավորել է նրանով, որ Իրանը արձակման կայանքները տեղափոխել է ավելի քան 300 մղոն (մոտավորապես 482 կմ) խոցման հեռահարությամբ «Precision Strike Missile» բալիստիկ հրթիռի հասանելիությունից դուրս: Ըստ հրապարակման, Իրանի դեմ գործողության ընթացքում հիպերձայնային զենք տեղակայելու մասին որոշում դեռ չի կայացվել: Նշենք, որ եթե տվյալ որոշումը կայացվի, կստացվի, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատրաստվում է կռվել իր զինանոցում եղած նորագույն, ինչպես նաև ամենաարագընթաց ու հզոր հրթիռներով (բացառությամբ միջմայրցամաքային միջուկային բալիստիկ հրթիռների), այսինքն՝ այն զինատեսակով, որը կօգտագործեր Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ կռվելու դեպքում:
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին նախազգուշացրել է Իրանի դեմ նոր հարձակումների առնչությամբ
Իրանը լիամասշտաբ հարվածներով կպատասխանի ԱՄՆ-ի հարձակումներին, նույնիսկ եթե դրանք կարճատև լինեն. այս մասին, ինչպես հաղորդել է իրանական SNN հեռուստաալիքը, հայտարարել է ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Մաջիդ Մուսավին:
«Մենք հակառակորդի գործողություններին կպատասխանենք երկարատև ու շարունակական ցավոտ հարվածներով, նույնիսկ եթե դրանք լինեն կարճաժամկետ։ Մենք տեսանք տարածաշրջանում ձեր ռազմաբազաների վերջը, ու կտեսնենք նաև ձեր նավերի վերջը»,- РБК-ի փոխանցմամբ , հայտարարել է Մուսավին։
Թրամփը երեկ մերժել է Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ Թեհրանի առաջարկները՝ իրանական նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ համարելով, քան ռմբակոծությունները, և հայտարարել Հորմուզի նեղուցում շրջափակումը շարունակելու մտադրության մասին՝ մինչև Վաշինգտոնի պայմաններով միջուկային գործարքի կնքումը: Իրանն, ի պատասխան, սպառնացել է աննախադեպ ռազմական գործողություններով։ Իրանի դեմ ԱՄՆ-ի ծրագրած ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններն ապրիլի 30-ին հանգեցրել են նավթի գների կտրուկ աճի:
Արթուր Հովհաննիսյան

