Մերձավոր Արևելք է ժամանել ամերիկյան երրորդ ավիակիր խումբը
Ամերիկյան ավիակիր հարվածային խումբը՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի «Ջորջ Հ. Ու. Բուշ» ատոմային ավիակրի գլխավորությամբ, ապրիլի 23-ին ժամանել է Մերձավոր Արևելք՝ տարածաշրջանում տեղակայված ռազմածովային խմբավորումն ուժեղացնելու համար։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
X-ում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ ավիակիրը նավարկում է Հնդկական օվկիանոսով՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում։
Խմբի կազմի մեջ, ավիակրից բացի, մտնում են «Մեյսոն», «Դոնալդ Քուք» և «Ռոս» էսկադրային ականակիրները, որոնք հանդերձված են գործողության 1600 կիլոմետր հեռահարությամբ Tomahawk թևավոր հրթիռներով։
Այս խմբի ժամանմամբ CENTCOM-ն այժմ երեք ավիակիր հարվածային խումբ ունի Մերձավոր Արևելքում։
Արաբական ծովում մարտական հերթապահություն են իրականացնում ԱՄՆ ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը, ինչպես նաև 16 այլ մարտական նավեր, այդ թվում՝ հրթիռային էսկադրային ականակիրներ և մեծ դեսանտային նավեր: Դրանք ներգրավված են իրանական նավահանգիստների նկատմամբ սահմանված ամերիկյան ռազմածովային շրջափակումն ապահովելու գործում:
ԱՄՆ ռազմածովային ուժերի «Ջերալդ Ֆորդ» ավիակիրը գտնվում է Կարմիր ծովում: Դրա խմբի մեջ մտնում է երեք հրթիռային էսկադրային ականակիր:

