Բաղրամյան համայնքի ղեկավարը 12․760 հա հողատարածքը վաճառել է 500․ 000 դրամով․ «Հետք»
Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը գյուղատնտեսական նշանակության 12․760 հեկտար հողամասը 2025թ․ փետրվարին տեղի ունեցած աճուրդի ժամանակ վաճառել է 500 000 դրամով, 1 հեկտար հողատարածքը՝ մոտ 40 000 դրամ։ Համայնքապետարանն անցած տարի «գյուղնշանակության այլ հողատեսք» կատերգորիայի մի քանի լոտ հող է վաճառել աճուրդով։ Համայնքի Արտամետ գյուղում գտնվող այս հողատարածքը չափով ամենամեծն է, բայց ամենացածր գնով վաճառվածը։ Այս մասին գրում է «Հետքը»:
Գյուղատնտեսությամբ զբաղվող ընկերությունները մեծ հետաքրքրություն ունեն Բաղրամյան համայնքի գյուղնշանակության հողերի նկատմամբ։ 2025թ․–ին այս համայնքում մի քանի լոտ հողատարածք է գնել «Պերֆեկտ Գարդեն» ՍՊԸ-ն, որից երկուսը գյուղնշանակության այլ հողատեսքի հողեր են։ Լոտերից մեկը՝ 2661 քմ հողատարածքը, գնել են 320 000 դրամով, մյուսը՝ 9727 քմ հողատարածքը՝ 710 000 դրամով։
Նույն տարում, նույն՝ գյուղնշանակության այլ հողատեսքի 12․760 հա հողատարածքը համայնքի ղեկավարը «Ագրո Յունիոն» ՓԲԸ-ին վաճառել է 500 000 դրամով։ Այսինքն՝ շատ ավելի ցածր գնով, քան «Պերֆեկտ Գարդեն» ՍՊԸ-ին վաճառված մոտ 1 հա հողատարածքի արժեքն է։ Բոլոր լոտերի աճուրդներին մեկ անձ է մասնակցել, այսինքն՝ «Պերֆեկտ Գարդեն» ՍՊԸ-ի գնած հողամասերի արժեքը սակարկության արդյունքում չի բարձացել։ Մնում է մտածել, որ երբ աճուրդների ժամանակ մրցակցություն չկա, վաճառված հողերի արժեքը որոշվում է համայնքի ղեկավարի հետ պայմանավորվածության արդյունքում։
Ավելին՝ սկզբնաղբյուրում:

