ՀՀ և ՌԴ փրկարարները իրականացրել են հրդեհաշիջման և վիրավորների տարհանման համատեղ վարժանքներ

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի նյութատեխնիկական բազայի վրա տեղի են ունեցել արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման վարժանքներ, որոնք անցկացվել են Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի մոտակայքում։ Վարժանքներին ներկա են եղել ՀՀ ներքին գործերի փոխնախարար, Փրկարար ծառայության պետ Արամ Ղազարյանը և ՌԴ Արտակարգ իրավիճակների փոխնախարար Վյաչեսլավ Բուտկոն, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։

Երկու երկրների փրկարարները խաղարկել են քիմիապես վտանգավոր օբյեկտում և նավթարդյունաբերության ձեռնարկությունում տեղի ունեցած վթարի վերացման, տուժածներին վերին հարկերից և պայմանական ավերված շենքերից տարհանելու գործողությունները:

Բացի այդ, վարժանքների ընթացքում մշակվել են ճանապարհատրանսպորտային պատահարների և մարդկանց արգելափակման պայմաններում հատուկ տեխնիկայի օգտագործմամբ գործողություններ: ՌԴ ԱԻ փոխնախարար Վյաչեսլավ Բուտկոն լրագրողների հետ զրույցում նշել է, որ վարժանքների անցկացման վայրը եզակի է և իսկապես գործնական հմտություններ է տալիս հրշեջների և փրկարարների աշխատանքի համար:

«Ինձ ամեն ինչ դուր եկավ։ Բայց կատարելագործումը, իհարկե, սահմաններ չի ճանաչում՝ պետք է զարգանալ, առաջ շարժվել։ Գիտատեխնիկական առաջընթացը անընդհատ է, և մենք հետագայում պլանավորելու ենք միջոցառումներ՝ կապված Հայ-ռուսական մարդասիրական աջակցության կենտրոնի զարգացման հետ», – ասաց Բուտկոն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։