Ադրբեջանից այս անգամ ոչ միայն պրեմիում, այլև ռեգուլյար և դիզվառելիք է գալիս․ Գևորգ Պապոյան
Ադրբեջանից մի քանի հազար տոննա վառելիք է գալիս, այս անգամ ոչ միայն պրեմիում, այլև՝ ռեգուլյար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այս անգամ և՛ պրեմիում կա, և՛ ռեգուլյար կա, և՛ դիզել կա։ Նախնական գնահատականներով արժեքը պետք է մեր իմացած շուկայական արժեքից 80 դրամ էժան լինի։ Պետք է մյուս ներմուծողները բանակցեն և իրենց մատակարարներից ավելի էժան գին ստանան, որովհետև եթե հայկական շուկայում հայտնվում է 80-100 դրամ ավելի էժան մրցակից ապրանք, բնականաբար, պետք է իրենք գնան, բացատրեն իրենց մատակարարներին, ասեն, որ մենք ևս պետք է էժան գին ունենանք, և իրենք էլ փորձեն ծախսերն օպտիմալացնեն և մրցունակ գին տան, որի արդյունքում ՀՀ քաղաքացին կունենա ավելի էժան վառելիք»,- ասաց նա։

