Չի կարելի արցախահայերի վերադարձի իրավունքը դնել «Արևմտյան Ադրբեջան» քարոզչական թեզի հետ մեկ հարթության վրա

«ՔՈՉԱՐԻ- Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցության պաշտոնական քննադատական դիրքորոշումը՝ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարությունների վերաբերյալ.

«ՔՈՉԱՐԻ -Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցությունը  խիստ մտահոգությամբ է արձագանքում Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ կապված Արցախի հայերի իրավունքների, նրանց վերադարձի հեռանկարի, ինչպես նաև Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջան» գաղափարական և քարոզչական թեզի «զուգահեռ փակման» առաջարկի հետ։ Այս հայտարարությունները ոչ միայն չեն համապատասխանում Հայաստանի պետական շահերին, այլև սպառնում են մեր ազգային անվտանգությանը, տարածաշրջանային դիրքերին և մեր ժողովրդի պատմական ու իրավական իրավունքներին։

Փաշինյանի առաջարկը՝ մի հարթության վրա դնել Արցախի հայերի՝ իրենց բնօրրան վերադարձի իրավունքը և Ադրբեջանի կողմից հնչեցվող «Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնված քաղաքական-քարոզչական սպառնալիքը իրավաբանորեն և քաղաքականապես անընդունելի է։ Արցախի հայերի իրավունքները պաշտպանված են միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի, ԵԽԽՎ-ի և մարդասիրական իրավունքի սկզբունքներով։ «Արևմտյան Ադրբեջան»-ը որևէ իրավական հիմք չունեցող էթնո-քաղաքական հորինվածք է։ Այս երկուսը զուգահեռ դնելը նշանակում է փաստացի լեգիտիմացնել Ադրբեջանի քարոզչական նոր թեզը, իսկ դա արդեն Հայաստանի անվերադարձ կորուստներով է սպառնում:  Հայաստանի դիրքորոշումը հնչեցվում է առանց անվտանգության երաշխիքների։ Փաշինյանը խոսում է՝ «թեմաները փակելու», «նոր պայմանավորվածությունների», «միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման» մասին։ Բայց որևէ տեղ չկան երրորդ կողմի անվտանգության երաշխիքներ, միջազգային վերահսկողություն, ուժային հավասարակշռության մեխանիզմներ, զսպման կամ պետության ինքնիշխանությունը ապահովող չափորոշիչներ։ Առանց այս մեխանիզմների նման հայտարարություններն ուղիղ սպառնալիք են Հայաստանի պետականությանը։

Արցախի հայերի իրավունքների նահանջ՝ առանց հանրային քննարկման

Փաշինյանը հայտարարում է, որ Արցախի հայերի վերադարձը «իրական չէ» կամ «չափազանց բարդ է»։ Սա քաղաքական կարծիք չէ, սա ուղղակի հրաժարում է սեփական ժողովրդի իրավունքներից։ Քաղաքական ղեկավարի պարտականությունն է պայքարել իր ժողովրդի իրավունքների համար, ոչ թե հրաժարվել դրանցից՝ սեփական վարկանիշի կամ բանակցային հարմարության պատճառով։

Ադրբեջանի քարոզչության հետ Նիկոլ Փաշինյանի վերջին խոսքերը միանգամայն հակասական են Ադրբեջանի պարզ, կոշտ և բազմիցս կրկնվող թեզերին՝ «Զանգեզուրն ադրբեջանական է», «Երևանը ադրբեջանական է», «Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է»։ Երբ մի կողմը պահանջում է առավելագույնը, իսկ դու հրապարակավ հայտարարում ես նվազագույնը, դա բանակցություն չէ, դա ինքնակամ նահանջ է։

Նիկոլ Փաշինյանի կողմից հանրային կարևորության հարցերը ներկայացվում են ոչ թե դիվանագիտական, միջազգային իրավունքի վրա հիմնված փաստարկներով, այլ քաղաքական բառախաղերով՝ «բացել», «փակել», «ուղղել», «կարգավորել»։ Պետական մտածողությունը չի կարող հիմնվել անորոշ բառապաշարի վրա։ Դա ուղղակի վտանգավոր է։

«ՔՈՉԱՐԻ» կուսակցության պահանջները

«ՔՈՉԱՐԻ- Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցությունը պահանջում է. 1․ Դադարեցնել ցանկացած հրապարակային հայտարարություն, որը համարժեքացնում է Արցախի հայերի իրավունքները Ադրբեջանի քարոզչական թեզերի հետ։

2․ Պաշտոնապես հայտարարել, որ Արցախի հայերի իրավունքները մնում են Հայաստանի և միջազգային իրավունքի օրակարգում։

3․ Ամբողջովին հրաժարվել «թեմաները զուգահեռ փակելու» գաղափարից, քանի դեռ Երևանը չունի միջազգային երաշխիքներ։

4․ Արտաքին քաղաքականության հիմքում դնել ոչ թե քաղաքական հայտարարությունները, այլ միջազգային իրավունքը, անվտանգության իրական մեխանիզմները և ժողովրդագրական պաշտպանությունը։

5․ Պետական մակարդակով պահանջել Ադրբեջանից ոչ թե «բարի կամքով արտահայտություններ», այլ իրական պարտավորություններ։

Եզրահանգում

Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները ստեղծում են ազգային անվտանգության ռիսկեր, բանակցային միակողմանիություն, իրավական նահանջ, պետական ռազմավարության բացակայություն։

«ՔՈՉԱՐԻ- Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցությունը հայտարարում է՝ Հայաստանի պետականության, Արցախի իրավունքի և ազգային շահերի վրա որևէ նման մոտեցում չի կարող ընդունվել։ Ապագա իշխանությունը պարտավոր է ունենալ ոչ թե անորոշ դիրքորոշում, այլ հստակ, պաշտպանված և ազգային շահերին համահունչ ռազմավարություն։