Պորոշենկոյի կուսակցությունը Տիմոշենկոյին կոչ է արել միավորվել՝ Ուկրաինայի կառավարության հրաժարականին հասնելու համար
Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունն առաջարկել է, որ Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցությունը համատեղ ձգտի Ուկրաինայի կառավարության հրաժարականին: Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է կուսակցության թելեգրամյան ալիքում:
«Նախարարների կաբինետը դարձել է կոռումպացված խմբի գործիք, որը ոչնչացրել է պետական կառավարման համակարգը: Քաղաքական ճգնաժամի կարգավորման առաջին քայլը կոռումպացված, ոչ պրոֆեսիոնալ և վարկաբեկված կառավարության հրաժարականն է»,- հայտարարել է կուսակցությունը:
«Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը դիմել է նաև «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավորներին և դրա առաջնորդին՝ նրանց կոչ անելով համատեղ աշխատել խորհրդարանի դերը վերականգնելու համար: «Ժողովրդի ծառա» կուսակցությանն ուղղված իրենց ուղերձում նրանք ընդգծել են, որ նախագահ Զելենսկու հետ հանդիպումից հետո պարզ է, որ իշխանությունները չեն ծրագրում փոխելու երկրի կառավարման իրենց մոտեցումը, ուստի ժամանակն է, որ պատգամավորները որոշեն սեփական դիրքորոշումը: «Եվրոպական համերաշխություն» կուսակցության կարծիքով՝ այժմ հնարավորություն կա վերականգնելու Գերագույն Ռադայի անկախությունը և լուծարելու Նախարարների կաբինետը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Ազգային հակակոռուպցիոն բյուրոն և կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը հետաքննություն սկսեցին էներգետիկայի ոլորտում խոշոր կոռուպցիոն սխեմայի վերաբերյալ, որի համակարգողը Զելենսկու մտերիմ գործարար Թիմուր Մինդիչն էր։ Մինդիչը խուզարկություններից առաջ լքել էր Ուկրաինան և այժմ Իսրայելում է։ Կոռուպցիոն գործում հոլովվում են նաև նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չերնիշովի և, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի անունները։
Հետաքննությունը քաղաքական ճգնաժամ է առաջացրել Գերագույն Ռադայում. «Եվրոպական համերաշխություն» և «Գոլոս» կուսակցությունները պահանջել են, որ Զելենսկին պաշտոնանկ անի Երմակին, լուծարի նախարարների կաբինետը և խորհրդարանական կոալիցիա կազմի ընդդիմության հետ։ «Բատկիվշչինա»-ի պատգամավորներից ոմանք աջակցել են այդ պահանջներին։

