Լեհաստանում իրականացվելու է կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանությանն ուղղված Horizont գործողությունը

Լեհաստանի փոխվարչապետ և ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ նոյեմբերի 21-ին երկրում սկսվելու է կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանության և դիվերսիաների դեմ պայքարի Horizont գործողությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Լեհաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Գործողության նպատակն է ձեռնարկել անվտանգության ապահովման, կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանության, ինչպես նաև պետական բոլոր ​​​​ծառայությունների ներգրավմամբ համատեղ պարեկության և համագործակցության իրականացման միջոցներ՝ դիվերսիաների դեմ պայքարելու և Լեհաստանի քաղաքացիների անվտանգության մակարդակը բարձրացնելու համար»,- նշել է Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

Նշվում է նաև, որ գործողությանը ներգրավվելու է շուրջ 10 հազար զինվորական։

Լեհաստանի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վեսլավ Կուկուլան էլ տեղեկացրել է, որ գործողությունը ղեկավարելու է զինված ուժերի օպերատիվ հրամանատար, գեներալ Մացեյ Կլիշը։