Մեր հայրենակիցների վերադարձը հնարավոր եմ համարում հենց ԱՄՆ միջնորդությամբ, իսկ դա մսխվում է այսօր
Մեր հայրենակիցների դեմ ընթացող շինծու «դատավարությունները» այլ ելք չէին էլ կարող ունենալ։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:
«Դա զուտ բեմադրություն է, որն ուղղվում է հայերի ու Հայաստանի դեմ։ Այդ մարդկանց ազատ արձակումը չի կարող առանձնացվել հռչակված խաղաղության գործընթացից։ Նրանց վերադարձը և այս ողջ «դատական» ֆարսի փակումը անհրաժեշտություն է, և դա ես հնարավոր եմ համարում առաջնահերթ հենց ԱՄՆ միջնորդությամբ։ Իսկ այդ միջնորդությունը փաստացի մսխվում է այսօր, փոխարենը նորից առաջին պլան է գալիս Ալիևի երազանքների ցուցակը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց Բաքվի դատարանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:
Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնել է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:
Նախօրեին ԶԼՄ-ները տեղեկություն տարածեցին, որ Ադրբեջանի դատախազը ցմահ ազատազրկում է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի Արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի համար։
Բացի այդ, նույն շինծու քրեական գործի շրջանակներում 20 տարվա ազատազրկում է պահանջվել Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև մյուս տարեց գերիների համար, իսկ մնացածներին՝ 16-ից 19 տարվա ազատազրկում։

