ՄԻՊ-ն այցելել է Գյումրիում ձերբակալվածներին

Հոկտեմբերի 21-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ։

Այցի շրջանակում իրականացվել է այց ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայր՝ հոկտեմբերի 20-ին Գյումրիում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով։ Ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու հիմքերը և իրավունքների ապահովման վիճակը։ Ազատությունից զրկված անձանց հետ կայացել են առանձնազրույցներ, որոնց բովանդակությունը խորհրդապահական է և հրապարակման ենթակա չէ։

Աշխատանքային այցի ընթացքում Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ։

Զրուցակիցները քննարկել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները։

Պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է բոլոր մարմինների պատշաճ համագործակցությունը՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերի շնորհիվ անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել այն համակարգերը, որոնք անմիջական ազդեցություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա։

Այցի շրջանակներում Պաշտպանն այցելել է Ամասիա և Աշոցք համայնքներ։ Ամասիայում տեղի է ունեցել հանդիպում համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են համայնքային մակարդակում առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները։

Ամասիայում Պաշտպանն այցելել է մանկապարտեզ, մարզամշակութային կենտրոն և գրադարան՝ տեղում ծանոթանալով դրանց գործունեությանը և պայմաններին։

Անահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել Ամասիա և Աշոցք համայնքների բնակիչների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։ Քննարկումների ընթացքում բարձրացվել են համայնքային և սոցիալական տարբեր խնդիրներ՝ կրթության, զբաղվածության, հանրային տրանսպորտի, ճանապարհաշինության, ինչպես նաև պետական և համայնքային ծառայությունների մատչելիության հետ կապված։

Ամասիայում առանձնահատուկ ընդգծվել են անձնագրային ծառայությունների հասանելիության խնդիրները, Աշոցքում` ճանապարհաշինության հետ կապված առանձին հարցեր:

«Մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իմ գործունեության առաջնահերթ ուղղություններից է։ Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի ընթացքում արձանագրվում են բազմաբնույթ խնդիրներ, որոնց լուծման համար առաջնային է արդյունավետ համագործակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների իրացման պատշաճ համակարգի ապահովումը կարևոր պայման է արդար և հարգալից հասարակություն կառուցելու համար», – նշել է Անահիտ Մանասյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ մարզեր իրականացվող աշխատանքային այցերը կրում են շարունակական բնույթ և նպատակ ունեն տեղում ուսումնասիրել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, արձանագրել առկա խնդիրները և խթանել դրանց արդյունավետ լուծման գործընթացը։

Այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։