Կառավարությունը նոր վարկ կվերցնի․ բյուջեն պակասուրդ ունի
Կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 25-ի նիստի որոշմամբ՝ Հայաստանի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև նախատեսվում է 150 մլն եվրո վարկային ծրագրի իրականացման հերթական համաձայնագիրը ստորագրել։ Ծրագիրն ունի երկու հիմնական նպատակ․
Բարձրացնել Հայաստանում հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությունն ու կայունությունը, ինչպես նաև ֆինանսական հատվածի զարգացման բարելավմանն ուղղված՝ վարկի տեսքով բյուջետային աջակցության ծրագրի իրականացում։
Ծրագիրն իրականացվում է 2019 թ-ից, հիմա նախատեսվում է իրականացնել ծրագրի 3-րդ փուլը։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն հայտնեց, որ ծրագիրն ունի 2 հիմնական նպատակ. ամրապնդել տնտեսական և ֆինանսական կառավարումը, մասնավորապես՝ բարելավելով պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև բարելավել ցածր ածխածնային և դիմացկուն տնտեսության անցման պլանավորումը և ֆինանսավորումը։
Ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ, և, հետևաբար, բարեփոխումների շրջանակը ևս նույնական է Ասիական զարգացման բանկի հետ առաջիկայում ստորագրվելիք վարկային համաձայնագրի քաղաքականության աղյուսակի հետ:
Վարկի մայր գումարը ենթակա է մարման 38 հավասարաչափ կիսամյակային վճարումներով` սկսած 2026թ. մինչև 2045թ.-ը, վարկի ժամկետը 20 տարի է, արտոնյալ ժամկետը՝ մեկ տարի, վարկի սպասարկման գծով վճարումները կատարվելու են կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ը և դեկտեմբերի 15-ը:

