Երկու ատոմակայան ենք ստեղծել առանց աղմուկ-աղաղակի, ոչ մեկը չի էլ տեսել. Փաշինյան
«Էլեկտրաէներգիան աշխարհում գնալով ավելի մեծ պահանջարկ ունեցող ապրանք է, և մենք պետք է գտնենք ձևերը մեր արտադրած էլեկտրաէներգիան արտահանելու, էլ չեմ ասում էլեկտրաէներգիայի առատությունը մեր երկում պետք է նեդրումային որոշ հետաքրքրություն ներկայացնի»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ արհեստական բանականությունը, կրիպտոարժույթները և այլն «ահռելի ծավալի, սովորականից, խելքից դուրս էլեկտրաէներգիա են սպառում և այդ գործոնը հաշվի առնելով՝ պետք է նման ներդրումներ կարողանան ներգրավել։
«Արևային էներգիայի զարգացման ոլորտը մենք չպետք է կասեցնենք, դանդաղեցնենք, պետք է թողենք զարգանա, մենք պետք է հասնենք նրա հետևից մեր տեխնոլոգիաներով, լուծումներով»,-ասաց Փաշինյանը, ապա հավելեց, թե «էսօր ինչքան շատ արևային կայաններ, վերականգնվող էներգիայի ռեսուրսներ ունենանք, էնքան ավելի ապագայի մեջ ենք մտնում հենց էսօր»։
Նա նշեց, որ այդ հարցում պետք է հետևողական լինել և Խուդաթյանին առաջարկեց առաջիկայում քննարկումներ կազմակերպել։
Խուդաթյանը հիշեցնելով, որ էլեկտրաէներգիա են արտահանում Վրաստան և Իրան՝ հայտարարեց․«Երբեմն բացի ՀԱԷԿ-ից ստիպված ենք լինում մեր բոլոր հզորությունները հանել էներգահամակարգից, օրվա որոշակի ժամին, երբ արևային կայանները մեծ թվով արտադրանք են տալիս»։ Ինչին Փաշինյանը հակադարձեց.
«Դուք ասում եք ցավոք սրտի, որովհետև ձեր համար դժվարութուններ կան, ես ասում եմ բարեբախտաբար, որովհետև ամբողջությամբ մեր ռեսուրսով արտադրած հոսանքը կարողանում ենք ամբողջ մեր ներքին կարիքը բավարարել։ Դուք հասկանում եք, թե մենք ինչ ռազմավարական խնդիր ենք լուծել»,-հայտարարեց Փաշինյանը և հավելեց. «Մենք Ատոմակայանից կրկնակի ավելի, երկու ատոմակայան ենք ստեղծել առանց աղմուկ-աղաղակի, ոչ մեկը չի էլ տեսել, չենք էլ ֆիքսել, բացում չենք արել, ժապավեն չենք կտրել ելույթ չենք ունեցել»։

