Ծաղիկներ ներմուծող կողմը հստակ ուզում է, որ ապրանքները լինեն իր ստանդարտներին համապատասխան, սա նորմալ պահանջ է․ ՍԱՏՄ ղեկավար
Ծաղիկներ ներմուծող կողմը, տվյալ դեպքում Ռուսաստանը, հստակ ուզում է, որ բուսասանիտարական ապրանքները, որոնք որ ներկրվում է իր երկիր, լինեն իր ստանդարտներին համապատասխան. սա նորմալ պահանջ է և նորմալ է ամբողջ աշխարհում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, ծաղկագործների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը։
«Պայմանները բոլորի համար նույնն են, հիմա մենք ունենք ռուսական շուկա, ուզում ենք արտահանել ռուսական շուկա, որը մեր արտադրողների համար միգուցե ավելի նպատակահարմար է։ Բայց կան բազմակի խնդիրներ, որոնք մենք քննարկեցինք արտադրողների հետ։ Դա կապված է հիվանդությունների հետ, վնասատուների հետ։ Մենք բացատրել ենք, որ սրանից հետո ստուգում անցնելուց հետո տրվելու են բուսասանիտարական սերտիֆիկատներ։ Դա նորմալ պահանջ է, նորմալ պայման է»,–ասաց նա։
Հարցին՝ ինչո՞ւ 15 տարի որևէ խնդիր չի եղել, հիմա նոր խնդիրներ են առաջացել, ՍԱՏՄ ղեկավարը պատասխանեց. «Դա կարող էր լինել 10 ամիս առաջ, կամ 10 ամիս հետո։ Անհայտ ծագման ֆիրմաների վրա մեր հայկական արտադրողները ապրանք են արտահանել տարիներ շարունակ։ Իրենք բոլորը դա գիտեն, բոլորը դա ընդունեցին։ Մի օր ընդունող կողմը ասաց՝ ինչքա՞ն պետք է այսպես լինի, բավարար է։ Այսինքն մենք արտահանում ենք մի X կազմակերպության վրա ապրանք, որը իրականում տեղյակ չի, որ ինքը որպես ընդունող կողմ ստանում է նմանատիպ ապրանք։ Ռուսական կողմի ֆիտոսանիտարական ծառայությունը գնում է տվյալ կազմակերպության մոտ, ասում է՝ խնդրում եմ ներկայացրեք ձեր փաստաթղթերը, դուք այսքան ապրանք եք ստացել։ Այդ մարդը հաղորդում է տալիս, ասում է՝ ես բացարձակապես տեղյակ չեմ նման բաներից, ես նավթ վերամշակող կազմակերպություն եմ։
Այդ պատմությունը միակը չէ, մենք ունենք բազմաթիվ նման նամակներ, 78 կազմակերպությունների արգելվել են ֆիտոսանիտարական սերտիֆիկատներ տալ։ Այդ 78 անունները, եթե ես չեմ սխալվում, մեր կայքում կան։
Մենք լուծումը արդեն ասել ենք ժողովրդին՝ բոլորը պետք է գնան, իրենց ջերմոցներում խիստ հետևողական լինեն, բուժումներ իրականացնեն»։
Խոսելով ելքերի մասին, ՍԱՏՄ ղեկավարն ասաց. «Հիմա անցնենք ելքին, այսօր «Ռոսսելխոզնադզորն» էլ հայտարարություն հրապարակեց, ամենօրյա ռեժիմով մենք իրենց հետ բանակցում ենք այս հարցի շուրջ։ Երեկ վերցրել ենք մեծ պատասխանատվություն, որը պետք է լիներ տարիներ շարունակ, այսինքն վիդեո աուդիտ անենք, իրենք ասում էին՝ մենք տեսնենք այդ ջերմոցները, մենք ունենանք հետագծելիություն։ Դա շատ երկար պրոցես էր ու գրեթե անհնարին»։

