Խորհուրդ ենք տալիս, որ պատմական ինքնակոչ պահանջներով չխանգարեն տարածաշրջանում խաղաղության հաստատմանը․Իրանի դեսպանը՝ ԻՀԿ-ին
«Մեր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ միշտ կայուն է․ աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և խորհուրդ ենք տալիս, որ պատմական ինքնակոչ պահանջներով չխանգարեն տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,- այսօր Մամուլի ազգային ակումբում հայտարարեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդի 51-րդ նիստին, որի եզրափակիչ հայտարարությունում անդրադարձ կա նաև Հայաստանին ու Ադրբեջանին։
«Մենք կտրականապես մերժում ենք ցանկացած տարածքային պահանջ, որը խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը։ Ինչպես նաև ցանկացած կեղծ և շինծու արտահայտություն, որ կարող է ենթադրել որևէ տեսակի տարածքային պահանջ մեկ այլ երկրի նկատմամբ։ Հորինված և կեղծ այդ արտահայտությունների օգտագործումը հակասում է տարածաշրջանում խաղաղ գոյակցության ծրագրին, համակեցությանը և այլ երկրների տարածքային ամբողջականությանը։ Պետք է խուսափել այդ արտահայտությունների օգտագործումից»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ «Արևմտյան Ադրբեջան» անվանումը, որ օգտագործվում է՝ ԻԻՀ նահանգներից մեկի անվանումն է, և այն չի կարող օգտագործվել մեկ այլ տեսակի աշխարհագրական տարածքի համար, երբ այն օգտագործվում է որևէ երկրի, հատկապես Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ։
Դեսպանը վերահաստատեց՝ իր երկիրը աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին երկխոսությանը և կողմերին կոչ է անում՝ արագորեն ստորագրել կողմերի միջև արդեն իսկ համաձայնեցված հիմնական դրույթներով համաձայնագիրը:

