Երևանում իրականացվում է «Հուզական աջակցության թեժ գիծ» փորձնական ծրագիրը
Հաշվի առնելով այն, որ Հոգեկան առողջության իրազեկման ամիսը (Mental Health Awareness Month) նշվում է ամեն տարի մայիսին, Երևանի քաղաքապետարանը, ի դեմս աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության, համագործակցում է «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ, որը քաղաքապետարանի աջակցությամբ իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» փորձնական ծրագիրը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը։
«Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել հասարակության իրազեկվածությունը հոգեկան առողջության կարևորության, հոգեկան մարտահրավերների, ինչպես նաև բուժման և աջակցման հնարավորությունների վերաբերյալ։
Ինչո՞ւ է սա կարևորվում մեր կողմից.
- խարանի հաղթահարում. շատերը դեռևս ամաչում են խոսել իրենց հոգեկան առողջությանն առնչվող խնդիրների մասին։ Այս ամիսը օգնում է խախտել լռությունը,
- իրազեկում և ուղղորդում. տրամադրվում են տեղեկություններ, որոնց միջոցով մարդիկ կարող են իմանալ հոգեբանական/հոգեկան առողջությանն առնչվող խնդիրների նշաններն ինչպես իրենց, այնպես էլ իրենց հարազատների շրջանում,
- աջակցություն և հասանելիություն. ուշադրություն է դարձվում աջակցության հնարավորություններին՝ թեժ գծի, անվճար խորհրդատվությունների և տարբեր իրազեկող միջոցառումների ձևով՝ ապահովելով հասանելիություն։
Հոգեկան առողջության իրազեկման ամիսը՝ մայիսը, կարևորվում է մեր կողմից՝ նպատակ ունենալով բարձրացնել հասարակության իրազեկվածությունը հոգեկան առողջության վերաբերյալ։ Այս նախաձեռնությունը միտված է մարդկանց իրազեկելուն, խարանը հաղթահարելուն և նրանց հորդորելու՝ հոգ տանել սեփական հոգեկան առողջության մասին։
Երևանի քաղաքապետարանը համագործակցությամբ Երևանի մետրոպոլիտենի վեց կայարաններում տեղադրել է գովազդային 7 պաստառ հուզական աջակցության անվճար «Թեժ գծի» վերաբերյալ, որը բոլոր քաղաքացիներին հնարավորություն է տալիս խոսելու հոգեկան առողջության մասին իրենց հուզող բոլոր հարցերի կապակցությամբ և ստանալու համապատասխան ուղղորդում կամ աջակցություն՝ հատուկ վերապատրաստում անցած մասնագետների կողմից:
Մեր կողմից իրագործվող ծրագիրը և իրազեկման այս նախաձեռնությունը կարևոր քայլ է հոգեկան առողջության շուրջ բաց, խարանից զերծ երկխոսություն ստեղծելու և այն որպես ընդհանուր բարեկեցության բաղկացուցիչ մաս ընկալելու առումով», – ասվում է հաղորդագրության մեջ։
Թեժ գծի համարն է. 080 000 900։

