Տեղեկություններ են շրջանառվում, որ մարդկանց հրահանգավորում են քվեարկության օրը նկարել իրենց քվեաթերթիկները․ Մելոյան (տեսանյութ)

Տեղեկատվություն են ակտիվ կերպով շրջանառում, որ  քվեարկության օրը՝ վաղը մարտի 30-ին, մարդկանց հարկադրում են տեսանկարահանել իրենց  քվեաթերթիկը, որպես ապացույց իրենց ձայնը այս կամ այն ուժի օգտին տալու վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասել է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Մելոյանը՝ դիմելով Գյումրու, Փարաքարի բնակիչներին, դիտորդներին եւ լրատվամիջոցներին:

«Իրազեկում եմ, որ դա հանցագործություն է, մեր քրեական օրենսգիրքը արգելում է անգամ քաղաքացու համար իր իսկ քվեաթերթիկը տեսանկարահանել, այն էլ ընտրատեղամասում, կամ որևէ այլ կերպ ընտրատեղամասում հրապարակել իր քվեարկության կողմնորոշման մասին: Հարգելի քաղաքացիներ, եթե ձեզ հարկադրում են, կրկին ընդգծում եմ, որ դա քրեական հանցագործություն է: Նաև որևէ ուժ, լինի ձեր ղեկավարը, ձեր բարեկամը, իրավունք չունի ձեզ հարկադրելու կամ ուղղորդելու՝ ընտրել այս կամ այն ուժին, դուք ազատ եք ձեր ընտրության մեջ: Թույլ չտաք, որ հարկադրեն ձեզ, ձեր կամքին հակառակ ընտրություն կատարել, բացի այդ էլ նորից կրկնում եմ, որ դուք իրավունք չունեք տեսանելի ձևով լուսանկարել ձեր քվեաթերթիկը»,-ասաց նա:

Քվեարկության գաղտնիությունը խախտելը հանցագործություն է։

Տեղեկություններ են շրջանառվում, որ մարդկանց հրահանգավորում են քվեարկության օրը նկարել իրենց քվեաթերթիկները՝ որպես «ապացույց»։

ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում

  • քվեարկողի կողմից բաց`այլ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար տեսանելի ձևով քվեարկելու,
  • ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկությունը հրապարակելու
  • ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելու,
  • քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողի քվեարկած քվեաթերթիկը ստուգելը
  • քվեարկության խցիկ մուտք գործելու
  • քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելու համար։

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ

«Հայաքվե» դիտորդական առաքելություն