Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Սեպտեմբերի լույս 15-ի գիշերը Լիտվայի օդային տարածքում խոցված անօդաչու թռչող սարքը պայթուցիկ էր տեղափոխում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սոցցանցերում նման բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել այդ երկրի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը։

«Ավարտվել է «Վահան» գործողությունը։ Վերջին տվյալներով՝ հայտնաբերվել է պայթուցիկ, որը սակրավորները վնասազերծել են։ Մասնագետները կշարունակեն ուսումնասիրել անօդաչու թռչող սարքը»,- հայտնել է նա։

Սեպտեմբերի 15-ի առավոտյան Լիտվայի ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնը հայտնել էր, որ Շյաուլյայի ավիաբազայում տեղակայված «Eurofighter» կործանիչների իտալացի օդաչուները գիշերը անօդաչու թռչող սարք են խոցել Լիտվայի Կայշյադորիսի շրջանում։ Հաղորդագրության համաձայն՝ անօդաչու թռչող սարքը Լիտվա է թափանցել ենթադրաբար Բելառուսի տարածքից և ուղղվում էր դեպի երկրի արևմտյան մաս։

Սարքի խոցմանը հաջորդել են նրա բեկորների հավաքման աշխատանքները։ Գործարկվել է «Վահան» ծրագիրը, որը սովորաբար միջադեպերի վայրերում հայտարարվում է պայթյունի վտանգի առկայության դեպքում։

Կենտրոնում հայտնել են, որ ամենայն հավանականությամբ խոցված ԱԹՍ-ը կարող էր հագեցած լինել պայթուցիկով։