Տիգրան Մեծի թագավորության քարտեզում Թուրքիա, Ադրբեջան և Ռուսաստան են նկարել․ «Հրապարակ»
«Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի «նոր Հայաստան», «իրական Հայաստան» գաղափարախոսության շրջանակներում ռեւիզիայի են ենթարկվում հատկապես մեր ինքնությունը, մեր արժեքներն ու պատմությունը։ Հանրակրթական դպրոցների պատմության դասագրքերում բացահայտ կամ ոչ ակնհայտ կերպով փորձում են սրբագրել մեր պատմության հիմնասյուները, մեր ծագումը, հայկական բնօրրանում մեր բնիկ լինելու հանգամանքը։
Հայոց պատմությունը սրբագրողները հայ ժողովրդին փորձում են ներկայացնել որպես ներգաղթողներ, որոնք գաղթի ճանապարհին (երեւի՝ շատ քայլելուց հոգնած) հանգրվանել են Հայկական լեռնաշխարհում։ Այդկերպ փորձում են հայերիս քոչվոր դարձնելով, ծագմամբ ինչ-որ չափով մոտեցնել մեր քոչվոր հարեւաններին՝ թուրքերին, ադրբեջանցիներին։ Պատմությունը սրբագրողները դա անում են առանց պատմական, փաստական որեւէ հիմքի, զուտ ենթադրությունների հիման վրա։ 2023 թվականին Սմբատ Հովհաննիսյանի հեղինակությամբ տպագրվեց հանրակրթական դպրոցների 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը, որի խմբագիրը Մարիամ Մ․ Կարապետյանն է։ Այն ժամանակ դասագիրքն ու այնտեղ բերված հակագիտական թեզերը մեծ աղմուկ բարձրացրին։ Հեղինակը բացատրեց, որ այլընտրանքային տեսակետներն էլ են շարադրել դասագրքում, որ երեխաները մտածելու հնարավորություն ունենան։ Չնայած մեծ աղմուկին ու քննադատություններին, մանավանդ՝ մասնագիտական շրջանակներից հնչող, դասագիրքը դուրս չբերվեց գործածությունից։
Այդ դասագիրքը ներկայում էլ, որպես ուսումնական ձեռնարկ, օգտագործվում է ՀՀ հանրակրթական դպրոցներում։ Դասագրքի 20-րդ էջում՝ «Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչները» խորագրի ներքո գրված է․ «Չնայած գիտական ուսումնասիրության նորագույն մեթոդների առկայությանը՝ հնագույն ժամանակների մասին մեր պատկերացումների մեծ մասը դեռեւս հիմնված է ենթադրությունների վրա»։ Տեսնենք, թե ինչ ենթադրություններ են տեղ գտել այդ դասագրքում։ «Առաջին մարդկանց գաղթն ու հայկական լեռնաշխարհը» վերնագրի ներքո գրված է․ «Մեզ հայտնի մարդանման ամենահին արարածները գոյություն են ունեցել Աֆրիկայում՝ երեքից չորս միլիոն տարի առաջ։ Հոմո էրեկտուսը («Ուղղաձիգ մարդ») առաջինն էր, որ սնունդ փնտրելու նպատակով 2-2,5 միլիոն տարի առաջ լքեց Աֆրիկան՝ հաստատվելով արեւելյան կիսագնդի բարեխառն գոտիներում։ Մոտ 1,8 մլն տարի առաջ նա հասավ Հայկական լեռնաշխարհ եւ Կովկաս։ Արտագաղթը մասամբ հաջողվեց, քանի որ արդեն կիրառվում էր կրակը»։
Թե ինչ է նշանակում «արտագաղթի մասամբ հաջողելը», այդ գաղթում ինչ դեր ուներ կրակը, դասագրքի հեղինակը թողնում է 7-րդ դասարանի աշակերտների երեւակայությանը։ Դասագրքում նույն թեման շարունակվում է․ «Հոմո էրեկտուսին հաջորդեց նեանդերթալցին, որը նույնպես երկար ճանապարհորդություն կատարեց եւ կարողացավ դրսեւորել նույն հարմարվողականությունը, ինչ էրեկտուսը։ Ամենից վճռորոշ գաղթը կատարեց հոմո սապիենսը, որը սնունդ փնտրելու նպատակով մոտ 80․000 տարի առաջ Արեւելյան Աֆրիկայից շարժվեց դեպի հյուսիս։ Գաղթականները հասան Արեւմտյան Ասիա, այսպիսով՝ նաեւ Հայկական լեռնաշխարհ։ Գաղթականների հենց այս ալիքից էլ, ինչպես պնդում են գիտնականները, ծագել են աշխարհի բոլոր ժողովուրդները։ Այսպիսով գտնվելով Եվրոպայի եւ Արեւմտյան Ասիայի բանուկ խաչմերուկում՝ Հայկական լեռնաշխարհը եղել է նախամարդկանց գաղթի ճանապարհի կարեւոր հանգրվաններից մեկը, իսկ հետո նաեւ «բաշխիչ կետ»՝ ծառայելով որպես հիմնական տարածք, որտեղից սկիզբ են առել Եվրոպայի եւ Ասիայի բնակեցումները»։
Դասագրքի հեղինակը ստեղծագործական մեծ թռիչքով Տիգրան Մեծի կայսրության քարտեզի վրա (Ք․ ա․ 80 թիվ) ընդգրկել է այդ ժամանակ որպես պետություններ գոյություն չունեցող Ադրբեջանին, Թուրքիային, Ռուսասանին։ Որպեսզի նման անհեթեթությունն արդարացնի, ձեռնարկի հեղինակը քարտեզի մասին փակագծում գրել է՝ «ժամանակակից սահմաններով»։
Պատմական քարտեզում ի՞նչ ժամանակակից սահմաններ կարող են լինել։ Դասագրքում զետեղված Վանի թագավորության քարտեզը վերաբերում է Ք․ ա․ 743-700 թվականներին, երբ Վանի թագավորության տարածքը նախկին ժամանակաշրջանի՝ թագավորության հզոր ժամանակների համեմատ արդեն իսկ փոքրացել էր։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով:

