Տեղեկություններ են շրջանառվում, որ մարդկանց հրահանգավորում են քվեարկության օրը նկարել իրենց քվեաթերթիկները․ Մելոյան (տեսանյութ)
Տեղեկատվություն են ակտիվ կերպով շրջանառում, որ քվեարկության օրը՝ վաղը մարտի 30-ին, մարդկանց հարկադրում են տեսանկարահանել իրենց քվեաթերթիկը, որպես ապացույց իրենց ձայնը այս կամ այն ուժի օգտին տալու վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասել է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Մելոյանը՝ դիմելով Գյումրու, Փարաքարի բնակիչներին, դիտորդներին եւ լրատվամիջոցներին:
«Իրազեկում եմ, որ դա հանցագործություն է, մեր քրեական օրենսգիրքը արգելում է անգամ քաղաքացու համար իր իսկ քվեաթերթիկը տեսանկարահանել, այն էլ ընտրատեղամասում, կամ որևէ այլ կերպ ընտրատեղամասում հրապարակել իր քվեարկության կողմնորոշման մասին: Հարգելի քաղաքացիներ, եթե ձեզ հարկադրում են, կրկին ընդգծում եմ, որ դա քրեական հանցագործություն է: Նաև որևէ ուժ, լինի ձեր ղեկավարը, ձեր բարեկամը, իրավունք չունի ձեզ հարկադրելու կամ ուղղորդելու՝ ընտրել այս կամ այն ուժին, դուք ազատ եք ձեր ընտրության մեջ: Թույլ չտաք, որ հարկադրեն ձեզ, ձեր կամքին հակառակ ընտրություն կատարել, բացի այդ էլ նորից կրկնում եմ, որ դուք իրավունք չունեք տեսանելի ձևով լուսանկարել ձեր քվեաթերթիկը»,-ասաց նա:
Քվեարկության գաղտնիությունը խախտելը հանցագործություն է։
Տեղեկություններ են շրջանառվում, որ մարդկանց հրահանգավորում են քվեարկության օրը նկարել իրենց քվեաթերթիկները՝ որպես «ապացույց»։
ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում
- քվեարկողի կողմից բաց`այլ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար տեսանելի ձևով քվեարկելու,
- ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկությունը հրապարակելու
- ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելու,
- քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողի քվեարկած քվեաթերթիկը ստուգելը
- քվեարկության խցիկ մուտք գործելու
- քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելու համար։
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ
«Հայաքվե» դիտորդական առաքելություն

