Եվրամիության փորացավը և մեր եվրոպամետների գրպանների պարունակությունը
Այսօր ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումներն էին, որին մասնակցում էին նաև արևմտամետ կառույցների ղեկավարները՝ նախագծի հեղինակները։ Ժամանակի սղության պատճառով օրենքի նախագծի ներառումը ՀՀ ԱԺ լիագումար նիստին՝ առայժմ հետաձգվեց։ Բայց այն շարունակում է մնալ օրակարգում, և հանձնաժողովի քպ-ական ներկայացուցիչների տրամադրվածությունից պարզ է, որ նրանք վճռական են Հայաստանը դեպի Եվրամիություն տանելու հարցում՝ անկախ դրա հետևանքներից։ Տպավորություն է, որ Եվրամիության ինտեգրումն ինքնանպատակ է դարձել ՀՀ-ն զավթած իշխանությունների և նրանց հարող Եվրոպայից սնուցվող ուժերի համար, քանի որ հավասարակշռված փորձագիտական կանխատեսումները զգուշացնում են եվրաինտեգրման բոլոր տխուր հետևանքների մասին և որպես օրինակ բերում հետխորհրդային այն երկրները, որոնք ևս Եվրամիությանը մերձենալու տխուր փորձառություն են ունեցել կամ էլ Վրաստանի օրինակով աչքները ջուր է կտրել՝ այդ ինտեգրմանն սպասելով։ Որևէ մեկը չի երաշխավորում, որ Հայաստանը Վրաստանի ճակատագրին չի արժանանա, քանի որ Եվրոպական միությունից այն խանդավառությունը չենք տեսնում Հայաստանն իրենց մերձեցնելու հարցում։ Բայց այդ սցենարի դեպքում էլ փաստորեն Հայաստանի Հանրապետությունը կմնա օդից կախված, քանի որ ընդառաջ գնալով Եվրամիության և ընդհանրապես արևմտյան ցանկություններին՝ քպ-ական խմբակը վճռականորն այրում է կամուրջները մինչև վերջերս մեզ համար հուսալի գործընկեր ու դաշնակից համարվող կառույցների ու պետությունների հետ։ Այդպիսով Փաշինյանի նախաձեռնությամբ իր թիմը Հայաստանը տանում է քաղաքական մեկուսացման ռիսկային ճանապարհով, և այդ դեպքում մեր երկիրը մեն-մենակ կհայտնվի Հայաստանի մասնատմանն ու ոչնչացմանը ձգտող պետությունների առաջ՝ անպաշտպան ու թուլացած։
Քպ-ականները հայ ժողովրդին ներկայացնում են, թե մեծ հույսեր են կապում եվրամիության հետ՝ ամենևին դասեր չքաղելով Արցախի օրինակից, երբ իրենց այդքան բաղձալի եվրոպական կառույցների գործուն ջանքերով նաև Արցախը շատ սահուն հանձնվեց Ադրբեջանին։ Իսկ մինչև այդ էլ արցախյան 44-օրյա պատերազմում ռազմական հանցագործությունների համար եվրոպական կառույցները դեմագոգիայից բացի որևէ այլ ձևով պատասխանատվության չենթարկեցին բռնակալ Ալիևին։ Ավելին, քաղաքակիրթ Եվրոպան սիրահոժար համագործակցության նոր հարթակներ ստեղծեց Ադրբեջանի հետ՝ այդպիսով փաստորեն խրախուսելով նրան իր չարագործություններն այսուհետ էլ իրագործելու հարցում։ Եվ ահա այսօրվա հանձնաժողովի նիստում «Եվրաքվե»-ի նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գրիգորյանի հարցին, պնդում է, թե միայն Եվրամիությունը կարող է երաշխավոր լինել Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության համար։ «Մեր համոզմամբ Հայաստանի անվտանգության երաշխավորը եվրոպական կառույցների ժողովրդավարական ինստիտուտներն են, նաև հավաքական Արևմուտքի ժողովրդավարական ինստիտուտները, և մեր նպատակը մարդու իրավունքների, ազատությունների երաշխավորումը, ապահովումն ու պաշտպանությունն է, ինչը չկա որևէ այլ կառույցում, որին անդամակցում է Հայաստանը՝ բացի Եվրոպայի խորհրդից և այն կառույցից, որին ձգտում ենք անդամակցել՝ Եվրոպական միությանը»։ Արտակ Զեյնալյանի խոսքով՝ օրենքի հեղինակների իղձն է, որ օր առաջ վրա հասնի ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հայտը։ «Մենք ավելի ամրապնդում ենք մեր համոզմունքը, որ Հայաստանի անվտանգության մակարդակը կբարձրանա եվրաինտեգրման գործընթացի արդյունքում, նաև ընթացքում: Եթե անցած տարվա սեպտեմբերի 21-ին համապետական հանրաքվե նշանակած լինեինք, ինչն առաջարկել էինք խորհրդարանական լսումների ժամանակ, ապա հիմա շատ ավելի շահեկան վիճակում կլինեինք»։
Արդյո՞ք Եվրոպայի սիրով տոչորված մեր եվրոպամետները այդքան միամիտ են, որ հավատում են այսօրվա Եվրոպայի ժողովրդավարության ուժին ու ազդեցությանը։ Կարելի է կարծել այդ մարդիկ կտրված են համաշխարհային լրահոսից և, օրինակ, Ուկրաինայում ծավալվող դեպքերը չեն վերլուծում ու չեն գիտակցում, որ արևմտյան ժողովրդավարությունը երբ բախվում է ուկրաինական հարուստ հանքերին, փշրվում է, և առաջնային է դառնում Արևմուտքի շահը՝ ուկրաինացի ժողովրդի իրավունքները ոտնակոխ անելու հաշվին։ Այսպիսի՞ արդարության վրա են եվրաինտեգրման ակտիվ քարոզչություն անող մեր կառույցների ներկայացուցիչները հույսները դրել ու մեզ էլ համոզում են, թե հենց այդ ժողովրդավարությունը մեզ համար անվտանգության սաղավարտ կդառնա։
Հայաստանի անկախության բոլոր տարիները ցույց են տվել, որ մեր երկրի անվտանգության միակ երաշխավորը ուժեղ բանակն է, որի հետ հաշվի է նստում ցանկացած ժողովրդավար եվրոպացի։ Մյուս կողմից էլ առաջարկում ենք մեր եվրոպամետ հայրենակիցներին հանել վարդագույն ակնոցները և ի վերջո իրենք իրենց խոստովանեն, որ Հայաստանում այսօր ոչ ժողովրդավարություն կա, ոչ մարդու իրավունքներ ու ազատություններ, քանի որ մեկուսարաններն ու բանտախցերը ավելի շատ քաղաքական ընդդիմադիրներով են լցված, քան իրական հանցագործներով։ Ակնհայտ է, որ այս մարդկանց փորացավը ոչ թե Հայաստանի անվտանգությունն է, ոչ թե հայ ժողովրդի ապահովությունն ու բարեկեցությունն են, այլ իրենց գրպանի փողը, որն էլ ակնկալում են Եվրոպայից՝ հոժարակամ համաձայնելով Հայաստանը ևս դարձնել Ռուսաստանի հետ բախումների պլացդարմ, ինչպես որ Եվրոպան ցանկանում էր վարվել Վրաստանի հետ։ Միայն թե Հայաստանի դեպքում կա նաև Իրանի գործոնը, և այստեղ է, որ Արևմուտքը մեկ հարվածով ցանկանում է երկու նապաստակ խփել։
Թագուհի Ասլանյան

