Այսօր Կոմիտաս Վարդապետի 155-ամյակն է

Այսօր լրանում է երաժշտագետ-բանահավաք, կոմպոզիտոր, երգիչ, խմբավար, մանկավարժ, հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս Վարդապետի (1869-1935) ծննդյան 155-ամյակը։

Ժամը 15։00-ին Կոմիտասի 155-ամյակի առթիվ մի խումբ մտավորականներ և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը ծաղիկներ կխոնարհեն Վարդապետի շիրիմին. պանթեոնում կանցկացվի նաև հոգեհանգստյան կարգ։ Դրան կհաջորդի «Փարիզյան հանդիպումներ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդեսի բացումը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։ Ցուցահանդեսը նվիրված է հայ դաշնակահարուհի, երգչուհի, երաժշտագետ, մանկավարժ, Կոմիտաս վարդապետի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանի ծննդյան 150-ամյակին։

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել:

Կոմիտասը կորցրել է մորը, երբ նույնիսկ մեկ տարեկան չէր։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա էր վերցրել տատը։ Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվել է տեղի տարրական դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկել Բուրսա՝ ուսումը շարունակելու։ Սակայն չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր:

1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։

Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվում են Սողոմոնի՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։

1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետո պաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։ 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։

Կոմիտասի կյանքի հետագա իրադարձությունները կապված են Եվրոպայի խոշոր երաժշտական կենտրոնի՝ Բեռլինի հետ, ուր նա մեկնեց ուսանելու՝ կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից:

Կոմիտասն ընդունվեց պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Վերջինիս պարապմունքներին զուգընթաց կոմպոզիտորը հաճախում էր Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր եւ երաժշտության պատմության դասախոսություններին:

1899 թ. սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին և ձեռնամուխ է լինում իր երաժշտական գործունեությանը: Կարճ ժամանակում Կոմիտասն արմատականորեն փոխեց երաժշտության ուսուցման դրվածքը ճեմարանում, ստեղծեց ոչ մեծ նվագախումբ, բարձր վարպետության հասցնելով երգչախմբի կատարողական մակարդակը:

Նա շրջեց Հայաստանի շատ վայրերում՝ գրի առնելով հազարավոր հայկական, քրդական, պարսկական եւ թուրքական ժողովրդական մեղեդիներ, կատարեց երգերի մշակումներ: Լրջորեն զբաղվեց նաեւ գիտահետազոտական աշխատանքով. ուսումնասիրելով հայ ժողովրդական եւ հոգեւոր մեղեդիները, աշխատելով հայկական խազերի վերծանման վրա:

1910 թ. Կոմիտասը թողեց Էջմիածինը ու մեկնեց Կ.Պոլիս, որտեղ կազմակերպեց երեք հարյուր հոգանոց խառը երգչախումբ՝ անվանելով այն «Գուսան»:

1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից ետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։

Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին  Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։

 

«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»․ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.։

«Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար: Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, ինչպես որ երաժշտությունն էլ՝ Կոմիտասից առաջ: Բայց ինչպես Մաշտոցը գտավ մեր լեզվի բաղադրիչները, նրա հնչյունակազմը և դա արձանագրեց այբուբենով, ճիշտ այսպես էլ Կոմիտասը գտավ մեր երաժշտության հնչյունակազմը մեկ այլ յուրատեսակ այբուբենով: Երկուսի արածն էլ գործ չէր, որ կոչենք մեծ կամ փոքր: Երկուսի արածն էլ գյուտ էր, իսկ գյուտը փոքր չի լինում»․Պարույր Սևակ։

«Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը… Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ. նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը». Ավետիք Իսահակյան: