Մավրն արեց իր գործը, մավրը դեռ չի հեռանա. Դավիթ Կարապետյան

Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մավրն արեց իր գործը, մավրը դեռ չի հեռանա…

Կարտոնի կտորը ձեռքին պետք է կրկին գնար տավուշյան գյուղեր, այս անգամ սպառնալը փոխարիներ «կտեր բաժանելով»:

Ծաղրելով սեփական ժողովրդին, առանց կաշկանդվելու, ժպիտը դեմքին ցինիկաբար պետք է ասի՝ «մեր մտածածն ու նպատակն այն է, որ ոչ թե ասեք 50 մետր այն կողմ Ադրբեջան է, այլ վա՜յ, էս ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է:

Վաղը հետներն առևտուր կանենք:

Սահմանին անցակետ կլինի, կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք»…

Պետք է հերթական անգամ մանիպուլացներ, ցուցադրեր փառահեղ դեմագոգիան, անզուգական պաթոսը, կրկին պետք է մտներ սրտացավի, հոգատարի, անկախության ու անվտանգության պաշտպանի դերի մեջ:

Հերթական միակողմանի զիջումը, նշաձողի իջեցումը պետք է ներկայացներ որպես ձեռքբերում, որպես միակ ելք ու փրկություն, քանզի փոխարենը կստանանք պատերազմ…

Որ եթե հողերը չտանք, տարածաշրջանային նոր պայթյուն է լինելու:

Իսկ տալուց հետո, «Հայաստանը 10 անգամ ուժեղանալու է»…

Այսպիսով՝ Ալիևն ասում է, Փաշինյանն անում է։

Անում է դա ամենաստոր ձևով՝ սկզբում սպառնալով պատերազմով, հետո խոստանալով խաղաղություն ու առևտուր։

Տավուշյան գյուղերի բնակիչները պետք է առևտուր անեն ադրբեջանցիների հետ…

Այնպես, ինչպես դա արեցին Գորիս-Կապան ճանապարհը հաձնելուց, ադրբեջանական անցագրակետ դնելուց հետո…

Իհարկե՛, առևտուր կանեն…

Այնպես որ, իհարկե՜ մենք պետք է ուրախ լինենք, որ վերջապես ադրբեջանցիները դառնում են դրկից հարևան…

Ադրբեջանցին Արցախում հայկական հետքն է վերացնում, հողին է հավասարեցնում Շուշիի Կանաչ ժամը, ձևախեղում Ղազանչեցոցը, շուտով՝ Դադիվանքը, հողին է հավասարեցրել Քարին Տակ գյուղը, ոչնչացնում է պատմամշակութային կոթողները, գերեզմաններն ու հուշահամալիրները, իսկ երկրիս հումանիստ ու խաղաղատենչ վարչապետը խոսում է թշնամու հետ համակեցության ու առևտուր անելու մասին:

Իհարկե՛, նպատակդ պարզ է…

«Շուռնուխ 2», «Աղավնո 2» օպերացիանները Տավուշում իրականացված են:

Այսօր պետք է պաշտոնապես հայտարարվի, որ՝ «Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում գոյություն կունենա սահմանազատված պետական սահման.

Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, իսկ Հայաստանն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում»։

Այսինքն, Ադրբեջանը ստանում է տարածքներ, իսկ Հայաստանը՝ ոչինչ: Հայաստանն այդ հողերի հանձման ժամանակ մասամբ անվտանգ իրականացնելու է այդ գործառույթը…

Օրինակ՝ սահմանազատում իրականացնող հայկական կողմի ներկայացուցիչներին չեն սպանի, չեն ճնշի…

Ու անգամ դա դեռ հաստատ չէ…

Խոսքը գնում է ռիսկերի նվազեցման, այլ ոչ թե երաշխիքի մասին:

Այլ բացատրություն չունի նման աբսուրդ-անհեթեթությունը, ինչպիսին է՝ «Հայաստանն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում»

Ինչևէ, պայմանավորվածությունների արդյունքում, մինչև մայիսի 15-ը տարածքները հանձնվելու են Ադրբեջանին:

Նորաստեղծ սահմաններին կանգնելու են սահմանապահ զորքեր:

Բնականաբար, Բաքուն ցնծում է, տոնում աննախադեպ ձեռքբերում, հաջողություն-հաղթանակը:

Փաստացի՝ Ալիևն առանց 1 կրակոցի «վերադարձրեց» 4 գյուղերը:

Ադրբեջանի հաղթանակների շղթան շարունակվում է:

Արցախի ամբողջական հայաթափմանն ու բռնազավթմանը, ինչպես նաև այնտեղից ռուս խաղաղապահների դուրսբերման ցանկին ավելանում է չորս «գյուղերի» նկատմամբ վերահսկողության վերականգնումը՝ առանց արյուն թափելու։

Հերթական անգամ մենք ականատես ենք լինում, թե ինչպես են կյանքի կոչվում Ալիևի ծրագրած բոլոր նախաձեռնությունները:

Հանձման արդյունքում՝

* Հայկական զինված ուժերը հետ են քաշվում իրենց վերահսկողության տակ գտնվող Բաղանիսից հարավ, Կիրանցից հարավ և Բերքաբերից արևելք գտնվող տարածքներից։

* Փոխարենը ադրբեջանական վերահսկողության տակ են շարունակում մնալ Բերքաբեր գյուղի շուրջ 1000 հա օկուպացված հողատարածքները:

* Ադրբեջանի վերահսկողության տակ է նաև մնում՝ Մազամ-ջրամբար եռանկյունին, որը Խորհրդային Հայաստանի մաս էր, բայց 90-ականներից առ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է:

* Տարածքների հանձման արդյունքում, գրեթե ամբողջությամբ խաթարվում է 3-րդ բանակային կորպուսի 1-ին պաշտպանական գիծը:

Տասնյակից ավել հայկական դիրքեր, խրամատներ, խրամուղիներ, ռազմավարական նշանակության հսկայածավալ տարածքներ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ և հետայսու օգտագործվելու են մեր իսկ դեմ:

* Կազմաքանդվում է Տավուշի ողջ պաշտպանական-անվտանգության համակարգը: Թշնամին ավելի հարմար դիրքավորվում է հայկական բնակավայրերի մոտ:

* Թշնամու սահմանապահ զորքը Կիրանց-Բաղանիս հատվածում նստում է Երևան – Թբիլիսի միջպետական մայրուղու վրա:

* Բաքուն ՀՀ-ին ժամանակ է տվել, հայկական կողմին որպեսզի Կիրանցի կամրջից մոտ 200 մետր դեպի Աջարկուտի ուղղությամբ նոր կամուրջ կառուցի, որից հետո այսօրվա գործող կամուրջն անցնում է Ադրբեջանին:

* Ստացվում է՝ միակ մխիթարանքը Ոսկեպարի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու մեր վերահսկողության տակ մնալն է: Իհարկե, տառացի 15 մետրից այն կողմ կանգնելու են ադրբեջանցիները:

Այս ամենից հետո՝ հաջորրդը «անկլավներն» են:

Դեռևս հունվարին Ալիևը շատ անկեղծ ասել էր քայլերի հաջորդականությունը.

սկզբում կպահանջեն ու կստանան ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը՝ այնտեղ տանող ճանապարհների հետ միասին:

Դե իսկ հաջորդիվ «Զանգեզուրի միջանցքի» հարցն է:

Այս պահին ՀՀ իշխանությունների համար իհարկե՜ դա «կարմիր գիծ» է:

Ու դա այնքան ժամանակ, մինչև իրավիճակ կփոխվի, արդյունքում՝ «կարմիր գիծ» կդառնա Մեղրիի ու Ագարակի էթնիկ զտումը, որը բնականաբար իշխանությունները ո’չ մի կերպ թույլ չեն տա…

Եվ այսպես շարունակ…

Մեղավորնե՞ր՝ ինչքան ասես…

«5-րդ շարասյուն», «նախկիններ», Ռուսաստան, Հավաքական Արևմուտք, ես, դու, բայց ոչ նա…

Ու այս տեսակը շարունակում է ղեկավարել երկիր…

Եվ կրկին հանդուրժում ենք…

Անգամ հիմա չկա միասնականություն, հանրային պահանջ, չկա հեռացնելու օրակարգով կոնսոլիդացիա:

Եվ ուրեմն՝ եկեք մնանք ապատիկ, «թմբիրակոմֆորտային» զոնայում:

Մանավանդ, որ չեք զբաղվում քաղաքականությամբ ու ձեր մոտ՝ «моя хата с краю» վիճակն է…

Բայց հետո ոչ մեկից չբողոքեք, չնեղենաք, չբարդեք մեղքը սրա-նրա վրա…

Անդառնալի հետևանքները, փորձանքներն ու արհավիրքներն էլ «պատվով» կտանեք…

Մեր փորձություններ դեռ նոր են սկսվում»…