Ռուսաստանն ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին

Ռուսաստանն ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Հիշեցնեմ, որ այս տարի Եվրասիական տնտեսական խորհուրդը նախագահում է Հայաստանի Հանրապետությունը։ Սա նույնպես ենթադրում է պատվիրակությունների փոխանակում և այցելություններ։ Մայիսին նախատեսվում է Մոսկվայում անցկացնել Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը, և, բնականաբար, ռուսական կողմն ակնկալում է վարչապետ Փաշինյանի մասնակցությունը»,- ասաց դեսպանը։

Նրա խոսքով՝ միջպետական ​​հարաբերությունների պրակտիկայում սովորական երևույթ են բարձր և ամենաբարձր մակարդակով փոխայցելությունները, և այդ հարցը եղել է, կա և մնում է օրակարգում։

«Հիշեցնեմ, որ վերջերս՝ մեկ ամիս առաջ, այստեղ՝ Երևանում, տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որը գլխավորում են մեր երկրների փոխվարչապետները։ Դրան մասնակցել են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի տարբեր գերատեսչությունների բավականին մեծ թվով բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Սա շատ կարևոր, նշանակալի իրադարձություն էր մեր երկկողմ հարաբերություններում։ Իհարկե, այն կարևոր որոշումները, որոնք ընդունվել են, կյանքի կկոչվեն և բնականաբար կպահանջեն շփումներ և այցելություններ»,- նշել է Կոպիրկինը։

Նա հավելեց, որ մի շարք հրավերներ կան ռուսական կողմից հայ գործընկերներին՝ մասնակցելու 2024 թվականին նախատեսված նշանակալի միջոցառումներին։ «Ես հիմա ամեն ինչ չեմ թվարկի, մենք աշխատում ենք այս հարցի շուրջ։ Իհարկե, նման փոխանակումները, այդ թվում՝ բարձր, ամենաբարձր մակարդակով այցելությունները, օրակարգում են»,- ասաց դեսպանը։