Մայր Աթոռի համար անընդունելի է Հայ ժողովրդի պատմության 7-րդ դասարանի դասագրքի կիրառությունը
Հայ ժողովրդի պատմության 7-րդ դասարանի դասագրքում Հայ եկեղեցու պատմության դասագրքի համապատասխան նյութը ներկայացված է խեղաթյուրված, հետևաբար Մայր Աթոռի համար անընդունելի է այդ դասագրքի կիրառությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, հրավիրված ասուլիսին ասաց Մայր Աթոռի Կրթական հանձնախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Մեր կրթական հանձնաժողովը չի ստեղծվել առանձին գործունեություն ծավալելու համար, այլ համատեղ պետական հանձնաժողովի հետ 2019 թվականի պայմանավորվածությամբ պայմանավորված։ Պետք է ստեղծվեր նաև պետական հանձնաժողով, որի հետ համատեղ մենք պետք է քննարկեինք բոլոր այն կրթական խնդիրները, որոնք խնդրահարույց էին Մայր Աթոռի և կրթության ծրագրերի մեջ։ Հանդիպել ենք Ժաննա Անդրեասյանի հետ, որը այն ժամանակ փոխնախարար էր, հանդիպել ենք Դումանյանի հետ, և միշտ օրակարգում եղել է այն, որ ներկայացնեն պետական հանձնաժողովը, որպեսզի մենք կարողանանք խնդիրները ներկայացնել և լուծման ուղիներ գտնե. այդ հանձնաժողովը չեղավ և մենք, փաստորեն, պարապուրդի մատնվելու փոխարեն որոշեցինք ինքնուրույն աշխատելու տարբերակ, ինքնուրույն մշակեցինք որոշ հարցեր, մեր տեսակետները հայտնեցինք հրապարակավ, նամակով, մամլո ասուլիսի տեսքով։ Դումանյանը ասաց՝ կամ կհամաձայնեք հայ եկեղեցու պատմությունը սահմանափակել մեկ տարվա մեջ, կամ դա էլ չեք ունենա, մենք դա մերժեցինք, դրանից հետո այլևս հանդիպում չունեցանք։ Երբ հրապարակվեց Հայ ժողովրդի պատմության 7-րդ դասարանի դասագիրքը, որտեղ պետք է ընդգրկված լիներ Հայ եկեղեցու պատմության դասագրքի համապատասխան նյութը, առաջին հայացքից պարզ դարձավ, որ այդտեղ ներկայացված չէ նյութի ողջ ծավալը, եղածն էլ ներկայացված է խեղաթյուրված, հետևաբար մեզ համար անընդունելի է այդ դասագրքի կիրառությունը»,- նշեց Սրբազանը։

