Նիկոլ հայադավի ամոթ չունենալու վրա կարելի է զայրանալ, բայց զարմանալ հաստատ պետք չէ, որովհետև արդեն սովորական մի բան է դարձել
Թե ինչու բոյկոտեցի COP17-ին մասնակցությունս
Ամոթ ունենար, ինքը և իր ղեկավարած կառավարությունն ինքնակամ կհրաժարվեին Հայաստանում այս օրերին համաշխարհային մասշտաբի բնապահպանական խոշոր միջոցառումներից մեկի՝ COP17-ի կազմակերպումից և անցկացումից: Կասեին՝ հարգելի գործընկեր պետություններ, մի երկրում, որը բնության, շրջակա միջավայրի և, ի վերջո, մարդու դեմ են գործում, բարոյական չէ, ավելին՝ նույնիսկ տեղի և միջազգային հանրության նկատմամբ ծաղրուծանակ է այսպիսի միջոցառում կազմակերպելը, այնպես որ, գտեք մի համապատասխան երկիր և միջոցառումը 2026 թվականին կազմակերպեք այնտեղ:
Լինելով տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից լրագրության ասպարեզում բնապահպանական թեմաներով հայտարարված մի շարք մրցույթների բարձրագույն մրցանակների դափնեկիր, որպես բոյկոտ, ինքնակամ հրաժարվեցի COP17-ին մասնակցությունից: Թե ինչու, դեռ կգրեմ, բայց անտեղյակ ընթերցողին նախ ներկայացնեմ, թե ինչ է COP17-ը:
Հայաստանը դեռ 1993 թվականին միացել է ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին կոնվենցիային»: COP17-ը (Conference of the Parties) «Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի» կողմերի 17-րդ համաժողովն է: 2026թ. Երևանը դարձել է աշխարհի կարևորագույն բնապահպանական միջոցառումներից մեկի՝ վերոնշյալ միջազգային համաժողովի կենտրոնը։ Տասնյակ երկրներից ժամանած առաջնորդներ և այլ բարձրաստիճան հյուրեր, գիտնականներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ, երիտասարդներ հավաքվել են Երևանում (պաշտոնական բանակցություններ Կապույտ գոտում և հանրային ծրագրեր Կանաչ գոտում, որը տեղակայված է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում)՝ քննարկելու, թե ինչպես պաշտպանել բնությունն ու ձևավորել ավելի անվտանգ ապագա։
Համաժողովի ընթացքում (հոկտեմբերի 19-30-ը) երկրները քննարկելու են կենսաբազմազանության պահպանության ոլորտում արձանագրված առաջընթացը, առկա և կանխատեսվող մարտահրավերները, նոր թիրախները, նպատակակետերը և միջազգային համագործակցության հետագա քայլերը։
Բնապահպանական ոլորտում գոյություն ունեցող երեք հիմնական COP գործընթացներից մեկը Կենսաբազմազանության COP (CBD COP)-ն է, որը նվիրված է բնության, կենդանիների, բույսերի, անտառների և էկոհամակարգերի պահպանությանը: Ըստ «Uunicef»-ի հրապարակած տեղեկատվության, «Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի» կողմերի համաժողովը տեղի է ունենում 2 տարին մեկ, Հայաստանը շարունակելու է նախագահել գործընթացը մինչ COP18-ը։
Ըստ համաժողովի հրապարակված նպատակի, այն նշանավորում է մինչև 2030 թվականը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման ճանապարհի միջնակետը։ Քննարկվում են կենսաբազմազանության կորստի կանխման, ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացման, բնիկ ժողովուրդների իրավունքների, ինչպես նաև կլիմայի ու գյուղատնտեսության փոխկապակցվածության հարցեր:
Նիկոլ հայադավն արդեն ելույթ է ունեցել Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը և հրապարակել ելույթի տեսագրությունը (պարսկահայը կասեր՝ մե խայտառակություն, մե խայտառակություն…): COP17-ի շրջանակում բնիկ ժողովուրդների իրավունքների ի՞նչ քննարկման մասին կարող է խոսք լինել, երբ Նիկոլ հայադավի և իր ոհմակի (չարախմբի) կողմից պետական դավաճանությամբ Ադրբեջանին հանձնված Արցախում բնիկ ժողովուրդ չի մնացել, բարբարոս ու ցեղասպան Ադրբեջանը «քաղաքակիրթ» աշխարհի աչքերի առջև հայաթափել է Արցախի Հանրապետությունը: Սակայն COP17-ը բոյկետելուս միակ պատճառը սա չէ:
Նիկոլ հայադավի իշխանության կողմից Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հանցավոր թույլտվությունը տալուց և բնապահպանական մեծագույն վտանգ ներկայացնող հանքի շահագործումից հետո Նիկոլն իրավունք չունի բարբաջելու ոչ կենսաբազմազանության մասին, ոչ բնության, կենդանիների, բույսերի, էկոհամակարգերի պահպանության, ոչ էլ շրջակա միջավայրի պաշտպանության մասին:
Ողջ կենդանական աշխարհում աստվածային արարչագործության թագն ու պսակը, բարձրագույն ներկայացուցիչը, ըստ Ծննդոց գրքի, մարդն է: Հայաստանում մարդն ինքը չի պահպանվում ու պաշտպանվում: Սա փաստարկելու համար լիովին բավարար են Հայաստանի խոշոր բնակավայրերում թույլատրելի առավելագույն խտությունը բազմակի գերազանցող փոշու մակարդակը, անորակ սնունդը և, որպես այս ամենի և (ոչ միայն… ) հետևանք, երկար հերթերը հիվանդանոցներում ու պոլիկլինիկաներում: Ի՞նչ կենսաբազմազանության, շրջակա միջավայրի պաշտպանության, բնիկ ժողովուրդների իրավունքների մասին կարող է խոսք լինել, փոխարենը ճիշտ կլինի խոսել յուրօրինակ ցեղասպանության մասին:
Արթուր Հովհաննիսյան

