Ստեփանակերտի գիշերօթիկից 10 երեխա է տեղափոխվել Հայաստան

Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատությունում սեպտեմբերի 24-ի դրությամբ բնակվող 10 երեխաներ՝ 5 աղջիկ, 5 տղա, տեղափոխվել են Հայաստանի շուրջօրյա խնամքի հաստատություն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, կառավարության «Հումանիտար կենտրոնի»-ի ճեպազրույցում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղեկալ Տաթևիկ Ստեփանյանը։

«Նրանք մինչ օրս մեր ճգնաժամային կենտրոններից մեկում են բնակվում: Երեխաների տարիքը 1-17 է, տեղափոխման պահին երկու երեխա խիստ անբավարար առողջական վիճակում է եղել: Նրանք նախ տեղավորվել են Գորիսի հիվանդանոցում, այնուհետև ամբողջությամբ կազդուրվելուց հետո տեղափոխվել են խնամքի հաստատություն:

Անդրադառնալով այդ երեխաներին որդեգրելու կամ խնամքը կազմակերպելու առնչությամբ լուրերին, փոխնախարարը շեշտեց, որ բոլորը կենսաբանական ծնողներ ունեն, և որևէ մեկը զրկված չէ ծնողական իրավունքներից։

«Ինչպես ՀՀ-ում բնակվող երեխաների կյանքի լավագույն ընթացքն ապահովելու համար մենք այնպես ենք անում, որպեսզի նրանք վերամիավորվեն ընտանիքների հետ, այս երեխաների դեպքում էլ նույն գործընթացը կիրականացվի:

Արդեն իսկ երկու երեխաների ընտանիքներ տեղափոխվել են հաստատության մոտ գտնվող բնակավայր, և մենք կփորձենք վերամիավորել նրանց: Նրանցից երեքը հաշվառվել են որպես խնամատարության ենթակա երեխաներ»,-ասաց փոխնախարարը:

Նա նաև հավելեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ՀՀ այն համայնքում, որում նրանք տեղակայվել են, իրենց լիազորությունների շրջանակում խնամակալ կամ հոգաբարձու կնշանակեն։