Ի՞նչ խաղաղություն բարբարոսի, քեզ աշխարհի երեսից բնաջնջել ցանկացողի հետ

Գործող իշխանությունները 2018 թ․ սկսած, ինչ պետության ղեկը իրենց ձեռքն են վերցրել, մեզ խոստանում էին խաղաղ, անվտանգ Հայաստան ու Արցախ։ Սակայն այսօր ունենք ժամանակավոր կորսված, քոչվոր ագրեսոր պետության տիրապետության տակ անցած Արցախ ու թշնամու երախում հայտնված Հայաստանի Հանրապետություն։ Այս ամենը բավարար չէ, գործող վարչախումբը Արցախի կորստից հետո, ամեն կերպ փորձում է հնարավորինս շուտ թշնամու հետ կնքել խաղաղության պայմանագիր։ Քանի դեռ Արցախը կար, նրանք թեզեր էին շրջանառում, որ այս ամենն արվում է, որպեսզի խուսափենք նոր պատերազմից և այլևս տարածքային կորուստներ չունենանք։

ՀՀ գործող վարչախումբը մինչ միջազգային տարբեր արենաներում խաղաղություն էին մուրում քոչվոր պետությունից, թուրքն իր սև գործն արեց՝ Արցախը վերջնականապես հայաթափեց՝ հայաստանյան իշխանությունների լուռ համաձայնությամբ։

Դրանից հետո, երբ Արցախի «հարցը լուծվեց», սկսեցին այլ թեզեր շրջանառել, որ այժմ ՀՀ սահմաններն են վտանգված, պետք է անել ամեն ինչ, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, որ թշնամին չհարձակվի ՀՀ սուվերեն տարածքի վրա։ Կա ևս մի բայց, անգամ եթե խաղաղության պայմանագիր կոչվածը ստորագրվի, այն ևս մեզ անվտանգային երաշխիքներ չի տալու։

Ասուլիսներից մեկի ժամանակ Փաշինյանը նշել էոր խաղաղության պայմանագիրը չի երաշխավորում խաղաղություն, բայց դրա բացակայությունն էլ կրկնապատկում է պատերազմի հավանականությունը։

Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ չի հավատում խաղաղության մասին իր միֆերին։

Կամ ինչ խաղաղության մասին է խոսքը, երբ Բաքվի բանտում բազմաթիվ հայ գերիներ են պահվում, այդ թվում՝ Արցախի երեք նախագահներ, գեներալներ, պետական և քաղաքական գործիչներ, Արցախ ազատագրած մարդիկ, որոնց կյանքը մազից է կախված, երբ ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանցին հայ զինվորների է առևանգում, ովքեր իրենց ծառայակիցներին հաց են հասցնում։

Ինչո՞ւ եք մարդկանց տանում թշնամու երախը, ի՞նչ խաղաղություն բարբարոսի, քեզ աշխարհի երեսից բնաջնջել ցանկացողի հետ։

ՀՀ երրորդ նախագահն իր ուղերձներից մեկում ասել է, որ խաղաղության գինը անհայրենիք ստրկամիտների համար թշնամուն հպատակությունն է, ազգային արժեքներից ու ինքնությունից հրաժարումը, թշնամու բոլոր պայմանների անվերապահորեն ընդունումը:

Ցավոք, այսօր այս իշխանություններն ընտրել են այդ ճանապարհը և արագ տեմպերով գնում են դեպի իրենց պատկերացրած ուղով, այն է՝ Արցախի և Հայաստանի ստրկացում և կործանում։

Ինչպես ասել է Ժան Ժակ Ռուսոն՝ յուրաքանչյուր պայմանագիր ավելի շատ ժամանակավոր դադար է, քան իսկական խաղաղություն։

Լուսինե Այրապետյան