«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության տնօրենն ու ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն
«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր տնօրեն Ալեքսան Զաքարյանը, նրան փոխկապակցված ևս մի քանի անձ՝ Գայանե Վերդյանը, Աստղիկ և Տաթևիկ Ղազարյանները հրավիրվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար» կայքից:
Ըստ ծանուցագրերի՝ նրանք Դատախազություն պետք է ներկայանան սեպտեմբերի 4-ին։
Նշենք՝ քննությամբ պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 15-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության միջև կնքվել է ՀՀ-ին պատկանող, երթևեկության նկատմամբ հսկողություն իրականացնող համակարգերի հավատարմագրային կառավարման պայմանագիր, որով սահմանվել է, որ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերությունը վարձատրվում է ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ տեխնիկական հսկողության համակարգերի միջոցով հայտնաբերված իրավախախտումների համար նշանակված տուգանքների փաստացի գանձումների գումարի և կրած ծախսերի համար հատուցման ենթակա գումարների տարբերության 10 տոկոսի չափով:
Պետությանը պատճառված վնասի`ընդհանուր 770.960.963 ՀՀ դրամ գումարից 290.327.078 ՀՀ դրամը նախաքննության ընթացքում համահիմնադիրների կողմից հատուցվել է, իսկ դեռևս չհատուցված մասով չորս մեղադրյալների գույքերի և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի ֆինանսական միջոցների վրա դրվել են կալանքներ:

