Ալիևը հաստատել է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է, որ մոտ ապագայում Մոսկվայում տեղի կունենան ադրբեջանա-հայկական խորհրդակցություններ արտգործնախարարների մակարդակով։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Առաջիկա օրերին Մոսկվայում բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացվի»,- ուրբաթ օրը հայտարարել է Ալիևը՝ 44-օրյա պատերազմում Բաքվի կողմից բռնազավթված հայկական Շուշի քաղաքում։
Հուլիսի 20-ին կայացած ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանելով հարցին, թե տեսանելի ապագայում Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու հավանականություն կա՞, ասել է. «Ինձ թվում է, հնարավորությունները լավն են։ Երբ այդ հանդիպման մշակմամբ զբաղվող փորձագետներից հստակ ամսաթիվ ստանանք, անպայման կկիսվենք տեղեկատվությամբ»։

