Փաշինյանը երեկ խոստովանություն արեց, որ առաջին հերթին դիվանագիտության ձախողմամբ է նա այս աղետը բերել մեր ժողովրդի վրա․ Լևոն Զուրաբյան
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը արձագանքել է երեկ ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի բեմադրած շոուն վերահաստատեց իմ այն պնդումը, որ վերջինս այլևս մեր պետության համար որևէ օգտակար բանով չի զբաղվելու և իր կյանքի մնացորդը նվիրելու է մեր ժողովրդի և պատմության առաջ աղետաբեր պատերազմի իր մեղքերը մաքրելու և արդարանալու անպտուղ գործին։
Քննիչ հանձնաժողովի գլխավոր խնդիրը պետք է լիներ պարտության պատճառները հայտնաբերելը և մեղավորներին պատասխանատվության կանչելը։ Խոսքը ե՜ւ պատերազմական ջանքերի, ե՜ւ զինամթերքի ու սպառազինությունների մատակարարման, ե՜ւ հետախուզության, ե՜ւ մոբիլիզացիայի, ե՜ւ ռազմական լոգիստիկայի կազմակերպման մասին է, որի գլխավոր պատասխանատուն եղել է ոչ այլ ոք, քան ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նաև պետք է վաղուց հեռացված լիներ երկրի կառավարումից այդ ամենը ձախողելու համար։
Այն հանգամանքը, որ Փաշինյանը իր ցուցմունքի մեջ կենտրոնանում է միայն հենց դիվանագիտական գործընթացի վրա, միևնույն ժամանակ՝ ե՜ւ այլ բնագավառներում տապալման պատասխանատվութնունից խուսափելու փորձ է, ե՜ւ ենթագիտակցական խոստովանություն, որ առաջին հերթին հենց դիվանագիտության ձախողմամբ է նա այս աղետը բերել մեր ժողովրդի վրա։
Հասարակությանն ապակողմնորոշելու և մանիպուլացնելու նպատակով ելույթի երկարաշունչ «գիտակցության հոսքում» նա այնքան սուտ և տգիտություն է արտահայտել, որ այդ ամենին հանգամանալից կանդրադառնամ առանձին հոդվածով»։

