Համբարձման տոնը կնշվի մայիսի 18-ին
Մայիսի 18-ին Հայ առաքելական եկեղեցին կնշի Համբարձման տոնը: Այն նշում ենք Սուրբ Հարության տոնից 40 օր հետո: Համբարձման տոնին հիշատակվում է նաև Հայրապետական Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սբ. Էջմիածին փոխադրելու պատմական իրադարձությունը:
Զատկից ուղիղ 40 օր հետո նշվում է Համբարձման տոնը, որը ժողովուրդն անվանում է նաև Վիճակի կամ Կաթնապուրի տոն: Հարությունից հետո Քրիստոս ուղիղ 40 օր շրջեց երկրի վրա և 40-րդ օրը իր առաքյալներին պատգամներ տալով՝ համբարձվեց երկինք․ «Եվ Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19):
Սերտորեն կապված լինելով Սուրբ Զատկի հետ՝ Համբարձման տոնը դասվում է Հայ Առաքելական Եկեղեցու շարժական տոների շարքին, որը յուրաքանչյուր տարի նշվում է տարբեր օրերի։

