Այսօր ձեր լռությունը կարող է վաղը մեկնաբանվել որպես համաձայնություն․ պատգամավորը՝ դատավորներին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կոչ-հորդոր՝ մասնագիտական արժանապատվություն ունեցող դատավորներին․

Այսօր ձեր լռությունը կարող է վաղը մեկնաբանվել որպես համաձայնություն։

Ես ձեզ չեմ կոչում քաղաքական պայքարի։ Ես ձեզ կոչում եմ պայքարելու ձեր սահմանադրական կարգավիճակի, մասնագիտական անկախության և դատավորի արժանապատվության պաշտպանության համար։

Մի՛ սպասեք, որ ձեզանից յուրաքանչյուրին առանձին կանչեն՝ իր մասնագիտական պիտանիությունն ապացուցելու։

Դատավորի անկախությունը շնորհ չէ, որ իշխանությունը կարող է տալ կամ վերցնել։ Այն սահմանադրական երաշխիք է, որը դուք պարտավոր եք պաշտպանել։

Այսօր է պահը, երբ դատական իշխանությունը պետք է խոսի՝ իր անունից, իր անկախության և իր ապագայի համար։

Որովհետև եթե այսօր չպաշտպանեք դատական իշխանության անկախությունը, վաղը գուցե արդեն ստիպված լինեք պաշտպանել միայն ձեր պաշտոնը։

Դատավորի լռությունը չպետք է դառնա դատական իշխանության անկախության կորստի գինը»»,- գրել է նա։