Ինչու է Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց նոր անձնագրերի «ծննդավայր» դաշտում նշվում «Ադրբեջան»․ Արփինե Սարգսյանի պարզաբանումը
Iravaban.net–ի փոխանցմամբ՝ Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու է Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրվող նոր անձնագրերում «ծննդավայր» դաշտում նշվում «Ադրբեջան»։
«Այս տեսանկյունից միջազգային ստանդարտները, փորձառությունը, մեր միջազգային գործընկերների հետ կոնսուլտացիաները, տարբեր երկրների ունեցած բացասական փորձառությունները ևս պետք է հաշվի առնվեն։ Հիմա ICAO-ն ընդհանուր առմամբ ունի ստանդարտ, որով անձնագրի դաշտերի լրացման կանոնակարգը նախատեսվում է, և ծննդյան վայրը դաշտի մասով ունի լրացման կոնկրետ կառուցակարգեր։ Այո, կարող ես պետությունը նշել, կարող ես քաղաքը կամ բնակավայրը նշել։ Սրա կողքին մենք ունենք ISO ստանդարտ, որով հաստատված է միջազգայնորեն ճանաչված տեղանունների բավականին մեծ ցանկ, և այս տրամաբանությունը ևս աշխատում է։ Հիմա, մենք ընտրել ենք երկիրը նշելու տարբերակը՝ հաշվի առնելով նույն ICAO-ի փորձագետների հետ կոնսուլտացիաները, հընթացս տարբեր իրավիճակներում տարբեր պետությունների համար ծագած խնդիրները։ Մենք որոշել ենք նշել պետությունը, այլ ոչ թե կոնկրետ քաղաքը, որովհետև քաղաքների՝ միջազգային ստանդարտներով չնշված լինելու տեսանկյունից կարող են սահմանին խնդիրներ առաջանալ։ Օրինակ, 2025 թվականին Ուրուգվայը որոշակի խնդիրներ ունեցավ Գերմանիայի և Ֆրանսիայի հետ, որովհետև սահմանահատումներ թույլ չէին տրվում՝ այն տրամաբանությունից ելնելով, որ, օրինակ, ծննդավայր դաշտը չկա անձնագրում։ Հետո Ուրուգվայը, իհարկե, փոխեց քաղաքականությունը և նախատեսեց ծննդավայրը»,- ասել է նախարարը։
Նա նշեց, որ Հայաստանը գնացել է պետությունը նշելու ճանապարհով՝ հաշվի առնելով թե՛ ICAO ստանդարտը, թե՛ ISO կոնկրետ ստանդարտը։
«Եթե մենք նույնիսկ որոշեինք, որ գնալու ենք բնակավայրը նշելու ճանապարհով, պետք է առաջնորդվեինք ISO ստանդարտով, իսկ ISO ստանդարտում դուք Ղարաբաղի մեր հայրենակիցների կողմից մատնանշված տեղանունները չեք գտնի այն անվանումներով, որոնք նրանց ցանկություն ունեն տեսնել իրենց անձնագրերում։ Եթե բացեք կոնկրետ ISO ստանդարտը, կտեսնեք, որ տեղանունները միջազգայնորեն ճանաչված տերմիններով են կոչվում, և այն անվանումները, որ մեր հայրենակիցներն ակնկալում են տեսնել անձնագրերում, այդպիսի բան չենք կարող իրականացնել։ Մենք գնացել ենք ավելի գլոբալ ճանապարհով, որպեսզի նշենք կոնկրետ պետության տարածքը»,- ասել է Սարգսյանը։
Նախարարը նաև հավելել է՝ ICAO-ի ստանդարտը նախատեսում է` երբ պետությունն ընտրում է ծննդյան վայրը դաշտում նախատեսել պետությունը կամ այն տարածքը, որ պետք է նշվի, պետք է հաշվի առնի նաև քաղաքական առկա զգայունությունները կոնկրետ պետություններում։ Նաև պետք է հաշվի առնի այն հանգամանքը՝ արդյոք տվյալ պետության կամ տարածքի անունը ճանաչվա՞ծ է այլ պետություններից կողմից, օրինակ, վիզային ընդհանուր քաղաքականության շրջանակներում, թե՞ ոչ։
«Սա շատ կարևոր նյուանս է, որը մենք շատ հաճախ, այո, ես հասկանում եմ, էմոցիոնալ ընկալումներից ելնելով, մի կողմ ենք թողնում, բայց ICAO-ն շատ հստակ նախատեսում է, որ դու չես կարող որպես պետություն քո ցանկություններից ելնելով hասկանալ, թե ինչ պետք է նշվի։ Դու պետք է հասկանաս` կա՞ քաղաքական զգայնություն, թե՞ չկա, նաև պետք է հասկանաս՝ տվյալ պետությունը կամ տարածքը միջազգայնորեն ճանաչվա՞ծ է, թե՞ ճանաչված չէ»,- հայտնել է Արփինե Սարգսյանը։

