Ալիևը TRIPP-ին «Զանգեզուրի միջանցք» է ասել ու նշել, որ այն իրականանում է Բաքվի նախաձեռնությամբ
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը տարածաշրջանը վերածել է ռազմավարական նշանակության տարածքի՝ միջազգային տրանսպորտային միջանցքների և տնտեսական համագործակցության տեսանկյունից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է ԱՊԱ-ն:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապը։
«Այն նաև կծառայի Թուրքիայի հետ մեր ուղիղ ցամաքային տրանսպորտային կապերի ընդլայնմանը, Միջին միջանցքի թողունակության մեծացմանը, միջազգային առևտրային և լոգիստիկ կապերի զարգացմանը և, ավելի լայն իմաստով, պատմական Մետաքսի ճանապարհի վերածննդին», – նշել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ Միջազգային Կովկասյան կոնգրեսը կարևոր հարթակ կդառնա տարածաշրջանի զարգացման հեռանկարների և Մետաքսի ճանապարհի վերականգնման հնարավորությունների քննարկման համար։
Նրա համոզմամբ՝ կոնգրեսը կնպաստի տարածաշրջանում խաղաղության, կայունության և փոխադարձ վստահության ամրապնդմանը, ինչպես նաև կայուն զարգացման ապահովմանը։

