ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ հատուկ բանաձև է ընդունել․ Հայաստանը ձեռնպահ է քվեարկել
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան հատուկ նստաշրջանում բանաձև է ընդունել, որով կոչ է արվում Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում և զորքերը դուրս բերել այնտեղից, հայտնում է BBC-ն։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ավելի վաղ դատապարտել էր ռուսական ներխուժումն Ուկրաինա՝ այն անվանելով «աշխարհի հավաքական խղճի վիրավորանք»։
Բանաձևին կողմ է քվեարկել 141 երկիր, 7 պետություն դեմ են արտահայտվել, ևս 32-ը ձեռնպահ են քվեարկել։
- Բանաձևում ասվում է, որ ՄԱԿ-ը կոչ է անում պահպանել ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, որոնք ընկած են Ուկրաինայում համապարփակ, արդար և կայուն խաղաղության հասնելու հիմքում։
- Վերահաստատում է իր հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ներառյալ նրա տարածքային ջրերը։
- Կրկին հայտարարում է Ռուսաստանի Դաշնությունից իր պահանջը՝ անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերել իր բոլոր զինված ուժերը Ուկրաինայի տարածքից՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
- Կոչ է անում բոլոր կողմերին պահպանել միջազգային իրավունքը, այդ թվում՝ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի և քաղաքացիական բնակչության պաշտպանության ոլորտում։
ՄԱԿ-ը նաև հայտարարում է Ուկրաինայի տարածքում կատարված հանցագործությունների համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին՝ պատշաճ, արդար և անկախ հետաքննություն անցկացնելու և ազգային կամ միջազգային մակարդակով դատական հետապնդում իրականացնելու միջոցով:

