Քադիրովը Եվրոպային մինչև «փետրվարի 31-ը» ժամանակ է տվել
«Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և եվրոպական դիվանագիտության ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պետք է «մինչև փետրվարի 31-ը» հետ կանչեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին իրենց հայտարարությունները՝ կապված Ուկրաինայում ռազմական գործողության հետ, հակառակ դեպքում Չեչնիան պատասխան քայլեր կձեռնարկի նրանց նկատմամբ»,- թելեգրամյան իր ալիքում հայտարարել է հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը։
«Հակառակ դեպքում Չեչնիայի Հանրապետությունը, հաշվի առնելով վերոնշյալ անձանց հայտարարությունների լկտի և հավակնոտ բնույթը, իրեն իրավունք է վերապահում կիրառել հետևյալ պատժամիջոցները` փակել Չեչնիայի երկինքը նրանց ինքնաթիռների համար, սառեցնել Չեչնիայի բանկերում Ջոնսոնի ռուբլով արտահայտված բոլոր ակտիվները, էմբարգո սահմանել բրիտանացի օլիգարխների բոլոր ակտիվների վրա Աչխոյ-Մարտանում, իսկ վատթարացման դեպքում՝ Սամաշկիում»:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
ԱՄՆ–ը և ԵՄ–ը գնահատել են ՌԴ–ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

