Շառլ Ազնավուր՝ դարի արվեստագետը (տեսանյութ)
Մայիսի 22-ին ֆրանսահայ մեծանուն շանսոնյե, դերասան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը կդառնար 97 տարեկան։ 100 տոկոսով ֆրանսիացի և 100 տոկոսով հայ Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին՝ Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականների՝ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում:

«Երբեք չեմ սիրել պարտվել: Երբեք չեմ կարողացել հաշտվել պարտության հետ: Պարտություններով ու դժվարություններով լի իմ կարիերայի առաջին տարիներին ուղեկցող ողջ դառնությունը և ծաղր ու ծանակը ընտանիքիս էին բաժին հասնում… Ամեն անգամ, երբ տուն էի վերադառնում՝ ականջներս դեռ լի հանդիսատեսի աղմուկ-աղաղակով, սուլոցներով ու վիրավորանքներով, ծնողներս իմ կողքին էին՝ պատրաստ լսելու ու մխիթարելու: Կորած է այն մարդը, որ հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս, քույրս… Ապրելու համար մի ելք կա միայն. քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում, իսկ եթե չէ՝ բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ…»,- իր հուշերում գրել է մեծ հայը:

«Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրի՛ս, եղբա՛յր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես…»,- մի առիթով նրա մասին ասել է աշխարհահռչակ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը:
1955 թվականին Ազնավուրն առաջին անգամ ելույթ է ունեցել «Օլիմպիա» դահլիճում, ինչից հետո ֆրանսիական մամուլը գրել է. «Ֆրանսիան ազնավուրացված է»։
Ազնավուրը 1000-ից ավելի երգերի ու հիթերի հեղինակ է. նա իր երգերի լավագույն կատարողն է: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն: Ազնավուրը նկարահանվել է 60-

ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո», «Բոհեմը», «Ավե Մարիա», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Մաման», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Գլուխը պատին» (արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի ), «Կրակե՛ք դաշնակահարին», «Սատանան և տասը պատվիրանները», «Արարատ» և այլն:
Ցայսօր վաճառվել է Ազնավուրի հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն՝ Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։
1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո մեծն շանսոնյեն հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2017 թվականին Ազնավուրը որդու՝ Նիկոլայի հետ ստեղծել է «Ազնավուր» հիմնադրամը, որի առաջին նախագիծը «Ազնավուր» կենտրոնն է Երևանում:
2009-ին Ազնավուրը Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել էր Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ:

2009-ի մայիսի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին:
«Մեր երկրում պոետները չեն մեռնում… Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով: Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ…»,-Ազնավուրի հիշատակին ազգային Փարիզի «Հաշմանդամների տուն» ռազմական համալիրում կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նրան անվանելով Ֆրանսիայի ամենակարևոր դեմքերից մեկը:

