Որքան հայության մեջ բարձր է Ցեղի տեսակարար կշիռը, այնքան նա ապրում է ցեղորեն, այնքանով հզոր ու կենսունակ է նա՝ որպես Ազգ

Ի՞նչ է գրել Նժդեհն այս օրերի բոլոր տեսակ մարդկանց մասին-

Յուրաքանչյուր հայ, եթե կարդա, Նժդեհի այս դատողությունները, անպայման իրեն կգտնի` այս երեք շերտերից` մեկի մեջ։

Նժդեհը հայությունը բաժանում է զգայա-գիտակցական երեք շերտերի՝

  1. Ազգային-ցեղային (Ցեղը),
  2. Տատանվող կամ չկողմնորոշված (ժողովուրդը),
  3. Ամբոխացած, հակազգային(տականքը):

1. Ցեղը – Սա հայության ընտրանին է, սերուցքը, որի գերնպատակն է՝ իր տեսակի հավիտենականացումը Հայրենիքում:

Նա՛ է իր մեջ կրում Հայկականությունը և այն փոխանցում սերունդներին:

Ցեղի համար՝ անփոխարինելի՛ է Հայրենիքը, նրա անկախությունը՝ թթվածնի պես անհրաժեշտ է:

Ցեղն է մարտնչում ու նահատակվում՝ հայության պատիվը փրկելիս:

2.Ժողովուրդը – Սա հայության չկողմնորոշված, տատանվող տարրն է:

Այն ամբոխամետ է,  ավելի շուտ տականքի ձայնն է լսում, քան՝ Ցեղի:

Ժողովուրդն ապրում է առօրեայով, իսկ Ցեղը՝ հավիտենականով։

Ժողովուրդը՝ օրվա մտածումներով, իսկ ցեղը՝ անցյալի հիշողությամբ, ապագայի հաստատուն հավատով և օրվա հարատև պայքարով, միաժամանա՛կ:

Ժողովուրդն առաջնորդվում է հատվածական, իսկ Ցեղը՝ համահայկական շահերով:

Ժողովուրդը դասակարգերի, դավանանքների ու կուսակցությունների խառնամբոխ է, իսկ Ցեղի մեջ չկա՛ն տիրող և հպատակ դասակարգեր, կրոնական, քաղաքական ուղղություններ – կա՛ն միայն Հայեր:

Ժողովուրդն արդարություն և ապրելու իրավունք աղերսող է, իսկ Ցեղը՝ դրանք նվաճող ու հաստատող:

Ժողովուրդը կարող է հարմարվել իր անփառունակ վիճակին ,իսկ Ցեղը չի՛ հանդուրժում ստրուկի շղթաները, նրա համար սրբագրելի են աշխարհի հայավնաս վճիռները:

Վտանգի պահերին՝ ժողովուրդը մատնվում է խառնաշփոթի ու խուճապի, Ցեղը բնազդորեն գտնում է ելքը:

Ժողովուրդը ընդունակ չէ՛ կանխատեսելու վտանգը, Ցեղը՝ նախազգում է այն:

Ժողովուրդը մեծարում է միջակություններին, Ցեղը՝ միայն իր հանճարներին: Ժողովուրդը դպիրներ է ծնում, Ցեղը՝ մարգարեներ։

Ժողովուրդը արժեքներ պահել ու հերոսներ գնահատել չգիտի. այսօր մեկին հերոս է դարձնում, վաղը՝ ոտնատակ անում. կամ, երեկվա սրբությունները, ամբոխային կուրությամբ, այսօր ոչնչացնում:

Ցեղն իր արժեքների հավիտենական կրողն է, իր սուրբ մեռելների պաշտամունքը հավերժացնողը:

Ժողովուրդը տառապում է անլիարժեքության բարդույթով, Ցեղը` համակ է հպարտանքի զգացումով և լի՝ վճռականությամբ: Ժողովուրդն ընդունում է օտար մշակույթն ապազգայնանալով, Ցեղը՝ ազգայնացնում է իր ընդունածը։

3.Տականքը – Սա հայության ազգուրաց տարրն է, նրա աղբը, թերմացքը:

Սա Ցեղի ներքին թշնամին է՝ լծված արտաքին թշնամու ռազմակառքին. անդիմագիծ՝ որպես հայ և զզվելի՝ որպես մարդ. հայության հանդեպ ո՛չ մի պարտականություններ չճանաչող, բայց մշտապես իրավունքներից ճամարտակող:

Նա ազգային պատկանելություն չունի, և եթե խոսում էլ է հայերեն, ապա միայն այն պատճառով, որ հաղորդակցվելու այլ ձև դեռ չի գտել: Նյութակրոն՝ որի համար գերագույն արժեքը դրամն է: Հայրենիք չի՛ ճանաչում և առաջնորդվում է «որտեղ հաց, էնտեղ կա՛ց» սկզբունքով: Դա՝ հայության ազգորեն մեռած տարրն է, մեկընդմիշտ ամբոխացած:

Եվ որքան հայության մեջ բարձր է Ցեղի տեսակարար կշիռը, այնքան նա ապրում է ցեղորեն, այնքանով հզոր ու կենսունակ է նա՝ որպես Ազգ:

Իսկ Ցեղի տեսակարար կշիռը պիտի բարձրացվի ժողովրդի հաշվին՝ նրան Դարձի բերելով, դեպի Ցեղը կողմնորոշելով:

«Այս ժողովուրդը պետք է ցեղե՛նք». ա՛յս է մեր գերխնդիրը:

Արդի հայությունը գերազանցորեն հանդես է գալիս որպես հայ ժողովուրդ, այսինքն՝ հայկական որևէ հատկանիշ ունեցող մարդկանց ժողովածու: Հայության շատ փոքր մասն է, որ իր զգայա-գիտակցական մակարդակով ու կենսաձևով նկատվում է որպես Հայ ցեղ (ազգ):

Հայության մի հատվածն էլ կազմում է տականքը:

Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան էջից