Կատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ
Կատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև, սակայն հրաժարվում են բացահայտել բանակցային գործընթացի մանրամասները մինչև վերջնական համաձայնագրի ձեռքբերումը։ Այս մասին հայտարարել է էմիրության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ-Անսարին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք՝ որպես միջնորդներ, ձգտում ենք նրան, որ քննարկումը մնա բանակցային սենյակում և իրականացվի կողմերի հետ շփումների միջոցով։ Կատարի Պետությունը շարունակում է հանդիպումներ և շփումներ անցկացնել կողմերի միջև՝ կարծիքների փոխանակման համար», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով համաձայնագրի կոնկրետ բանաձևի առկայության մասին հարցին:
Դիվանագետն ընդգծել է, որ Դոհան մտադիր չէ հրապարակայնորեն քննարկել այն կետերը, որոնց շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի միջև պահպանվում են տարաձայնությունները, կամ նրանք, որոնց շուրջ արդեն ձեռք է բերվել կոնսենսուս։ Նրա խոսքով՝ բոլոր մանրամասները կներկայացվեն միայն այն բանից հետո, երբ կողմերը կհանգեն վերջնական համաձայնության։
Կատարը հանդես է գալիս որպես ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների առանցքային միջնորդներից մեկը։

