Զելենսկին ԱՄՆ-ից 16 մլրդ դոլար է պահանջում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը դեռ չի ստացել ամերիկյան 16 միլիարդ դոլարի օգնությունը, որի շուրջ նախկինում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, և որ անհրաժեշտ է հասնել այդ միջոցների տրամադրմանը։

«Նախկին պայմանավորվածությունների և որոշումների համաձայն՝ 16 միլիարդ դոլարի հատկացումը կասեցվել էր, և այդ միջոցներն այդպես էլ չտրամադրվեցին։ Մենք երախտապարտ ենք այն ամենի համար, ինչ արդեն ստացել ենք, սակայն Ուկրաինան պետք է պայքարի՝ առնվազն այս գումարն ստանալու համար», – ասել է Զելենսկին TSN-ին տված հարցազրույցում։

Նա նաև ընդգծել է ԱՄՆ-ում ձևավորված նոր քաղաքական իրողությունների պայմաններում արդյունավետ երկխոսություն հաստատելու և երկկուսակցական աջակցությունը պահպանելու անհրաժեշտությունը։ Նրա կարծիքով՝ սա կմեծացնի Կիևի՝ լրացուցիչ օգնություն ստանալու հնարավորությունները։

Ավելի վաղ Զելենսկին հույս էր հայտնել, որ ամերիկյան աջակցությունը կուժեղանա՝ հաշվի առնելով միջանկյալ ընտրություններում դեմոկրատների ցուցադրած արդյունքները։