Ադրբեջանն Իրանի 14 քաղաքացու հայտարարել է «անցանկալի անձ»

Ադրբեջանը Իրանի 14 քաղաքացու հայտարարել է «անցանկալի անձ»՝ արգելելով նրանց մուտքը երկրի տարածք։ Բաքուն նրանց մեղադրում է Ադրբեջանի դեմ «թշնամանքի քարոզչության, կրոնական արմատականության տարածման և երկրի ներքին գործերին միջամտելու կոչերի» մեջ։ Region Monitor-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ իրանցի մի շարք հոգևորականներ, խորհրդարանի պատգամավորներ, փորձագետներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ հանդես են եկել «Ադրբեջանի ինքնիշխանության և անվտանգության, երկրում ձևավորված պետություն-կրոն հարաբերությունների, պետական կառավարման համակարգի և այլ ոլորտների դեմ ուղղված» հայտարարություններով։

Պաշտոնական Բաքուն նրանց գործողությունները որակել է որպես կրոնական արմատականության քարոզչություն, կրոնական ատելության և թշնամանքի հրահրման փորձեր, ինչպես նաև իշխանության բռնի տապալման կոչեր։ Այս մեղադրանքներով Ադրբեջանի տարածքում անցանկալի անձ են հայտարարվել հետևյալ իրանցիները.

Էհսան Մովահեդիան – քաղաքական վերլուծաբան, փորձագետ, Թեհրանի Ալլամե Թաբաթաբայիի անվան համալսարանի դասախոս։

Ահմեդ Ֆարշբաֆիան – Թավրիզի համալսարանի Կովկասի և Անատոլիայի հետազոտությունների կենտրոնի նախկին ղեկավար։

Քյամրան Ղազանֆարի – Իրանի խորհրդարանի պատգամավոր։

Ալիռեզա Բեյգի – Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքական մեկնաբան։

Աբոլֆազլ Զոհրևանդ – Իրանի խորհրդարանի պատգամավոր։

Աբբաս Մողթադայի – Իրանի խորհրդարանի պատգամավոր։

Ալիռեզա Սալիմի – Իրանի խորհրդարանի պատգամավոր։

Հոսեյն Շարիաթմադարի – «Քայհան» թերթի գլխավոր խմբագիր։

Այաթոլլա Մոհսեն Արաքի – Իրանի Գերագույն առաջնորդին ընտրող Փորձագետների խորհրդի անդամ, ինչպես նաև Նպատակահարմարության խորհրդի անդամ։

Այաթոլլա Մոհամմադ Ջավադ Ֆազել Լանքարանի – Ղոմի հոգևոր ճեմարանի միության անդամ, Ղոմ քաղաքում գործող «Այմմե Աթհար» իսլամական իրավունքի կենտրոնի ղեկավար։

Աբդոլհոսեյն Խոսրովփանահ – Իրանի Մշակութային հեղափոխության բարձրագույն խորհրդի քարտուղար։

Հոջաթ-օլ-էսլամ Ղոլամռեզա Քավաշի – Թավրիզի ուրբաթօրյա աղոթապետի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, Արևելյան Ատրպատական նահանգում Իրանի Գերագույն առաջնորդի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար։

Դարիուշ Սաֆարնեժադ – քաղաքական մեկնաբան։

Ահմադռեզա Մուսավի – դերասան և հեռուստահաղորդավար։