Մասիս համայնքի ՔՊ թեկնածուն մեղադրվում է ընտրակաշառքի խոստում տալու համար, իսկ նրա հայրը՝ կnռուպցիայի մեջ․ Hetq.am

Մասիս համայնքում դեկտեմբերի 13-ին ավագանու ընտրություններ տեղի կունենան։ Առաջադրվել է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Կառուցող» կուսակցությունների դաշինքը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ընտրացուցակն այս անգամ գլխավորում է անկուսակցական Հովհաննես Հակոբյանը։ Նա ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Մասիսի անձնագրային բաժնի պետն է և Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի որդին։ Այս մասին գրում է Հետքը։

«Սաշա Հակոբյանը Մասիս քաղաքը ղեկավարել է երկար տարիներ, բայց՝ ընդմիջումներով։ Նա 1999թ․-ից Մասիսի քաղաքապետն էր, այնուհետև ընտրվել է 2005թ․-ին՝ որպես ՀՀԿ թեկնածու, 2008թ․-ին պարտվել է ընտրություններում, 2012թ․-ին կրկին առաջադրվել է և հաղթել, պաշտոնավարել է մինչև 2016թ․-ը։

Մասիսի նախկին քաղաքապետի իրականացրած հողերի աճուրդների վերաբերյալ երկու հոդված ենք հրապարակել՝ 2014թ․-ին՝ «Որպեսզի աճուրդը կատարյալ լիներ»և 2015թ․-ին՝ «Մասիսի քաղաքապետի հայտարարած աճուրդում հաղթել են նրա որդին ու եղբայրը»։ Խոսքը ՔՊ-ի թեկնածու Հովհաննես Հակոբյանի մասին է»։

«Մասիսի քաղաքապետի որդին՝ Հովհաննես Հակոբյանն, այդ օրը 4 հողակտոր է գնել: Նույն տարվա մեջ հայտարարված մեկ այլ աճուրդով նա եւս 2 լոտ հող է ձեռք բերել: Քաղաքապետի հետ նույն հասցեում բնակվող Կարապետ Հակոբյանը նույնպես գնել է 4 հողակտոր: Եվս 2 լոտ հողատարածք գնել է քաղաքապետի եղբայրը՝ Միշա Հակոբյանը»,- գրել ենք հոդվածում:

Նշենք, որ քաղաքապետը 2014թ. միայն մայիսի 15-ի աճուրդում հողերը վաճառքի էր դրել կադաստրային արժեքի 50%-ով:

Իշխանափոխությունից հետո՝ 2019թ. դեկտեմբերին, Սաշա Հակոբյանի դեմ քրեական գործ է հարուցվել պաշտոնավարման շրջանում առերևույթ հանցավոր չարաշահումների առթիվ։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ 2023թ. մայիսից քրեական գործը քննվում է Հակակոռուպցիոն քրեական դատարանում և դեռևս դատավճիռ չի կայացվել։

Մասիս համայնքի ՔՊ-ական թեկնածու Հովհաննես Հակոբյանի վերաբերյալ նույնպես Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ընտրակաշառք խոստանալու փաստի առթիվ։ 2026թ․-ի հոկտեմբերին համացանցում մի տեսանյութ էր տարածվել, որտեղ Հովհաննես Հակոբյանը փոքր տղային հեռախոս է խոստանում, ինչը քննադատությունների և նախընտրական կաշառքի վերաբերյալ քննարկումների առիթ էր դարձել։ ՔՊ կուսակցության Մասիսի համայնքապետի թեկնածուն նոյեմբերի 18-ին լրագրողներին հայտնել էր, որ երեխային ընտրակաշառք խոստանալու գործով դեռևս չի հարցաքննվել։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։