Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 5-րդ տուրի շրջանակում իսրայելական «Հապոել Բեեր Շևայի» դեմ արտագնա խաղին մասնակցելու համար թուրքական «Բեշիքթաշը» մեկնել էր Վրաստանի Բաթում քաղաք։ Թուրքական «TRT Spor»-ի լրագրող Մուստաֆա Քորքուսուզի փոխանցմամբ՝ «Բեշիքթաշ» ֆուբոլային թիմին տեղափոփող ինքնաթիռը Բաթում մեկնելիս կայծակի հարվածից և ուժեղ տուրբուլենտությունից հետո եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Բաթումում ու ուղղությունը փոխել է դեպի Թուրքիայի Ռիզե քաղաք։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Թիմի ֆուտբոլային տնօրեն Օնդեր Օզենը թռիչքը բնութագրել է որպես իր կյանքում հանդիպած ամենավտանգավոր իրավիճակներից մեկը։ Նրա խոսքով՝ թիմի պատվիրակությունը ճանապարհին անցկացրել է շուրջ ութ ժամ և բոլորը շատ էին վախեցել։

Թռիչքի ընթացքում թիմը մեծ սթրես է ապրել՝ այն բնութագրելով որպես իրենց կյանքի ամենավատ թռիչքներից մեկը։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված ֆուտբոլային թիմը Ռիզեից ավտոբուսով շարժվել է դեպի Սարպի սահմանային անցակետ։ Անձնագրային ստուգումներն անցնելուց և Վրաստան մուտք գործելուց հետո պատվիրակությունը հասել է Բաթում։

Նշենք, որ «Բեշիքթաշի» և իսրայելական Բեեր Շեւա քաղաքի «Հապոել» ֆուտբոլային ակումբների հանդիպումն ուղեկցվել է բախումներով և ոստիկանության միջամտությամբ։