Նախկին «Օպերա ակումբի» տարածքում կգործի Թատրոնի փոքր համերգասրահը

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ստեղծվում է մշակութային նոր հարթակ. նախկին «Օպերա ակումբի» տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահը։

ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ համերգասրահի խորհրդանշական բացումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակի օրը։

Այս իրադարձությանն ընդառաջ Օպերային թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը: Բանախոսները ներկայացրել են նոր համերգասրահի ստեղծման նախաձեռնությունը, գործունեության հիմնական ուղղություններն ու առաջիկա ծրագրերը։

Նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանն ընդգծել է, որ պետության ջանքերի շնորհիվ Օպերայի տարածքում գործող նախկին «Օպերա ակումբի» 1050 մ² տարածքը վերադարձվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին։

Այդ տարածքում գործելու է համերգային հարթակ՝ բացառապես ստեղծագործական նպատակների իրականացման համար։ Նորաբաց համերգասրահը նախատեսված է կամերային համերգների, մանկական օպերային և բալետային ներկայացումների, ինչպես նաև մշակութային բազմաբնույթ միջոցառումների համար՝ դառնալով արվեստի և հանդիսատեսի հանդիպման նոր հարթակ։

«Օպերային թատրոնն իր շենքում այլևս չունի այնպիսի հարմարավետ տարածք, որը չի օգտագործվում ստեղծագործական լուրջ նախագծերի համար։ Ամռանն Օպերայի տանիքում տեղի ունեցող համերգները մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար լավագույն ժամանցի վայրերից են: Օպերայի հիմնական բեմը հետխորհրդային ողջ ժամանակաշրջանում այսօր ամենախիտ ծանրաբեռնվածությունն ունի:

Վստահ եմ, որ այս նոր տարածքն էլ կդառնա շատ հետաքրքիր, այլընտրանքային մշակութային տարածք: Օպերային թատրոնն իր ամբողջ ծավալով, ներուժով ու ծրագրերով շարունակում է լինել մեր մշակութային կյանքի ամենաբաբախող հատվածներից մեկը:

Ընդամենը մեկ ամսից քիչ ավելի է, որ տարածքի վերադարձի վերաբերյալ վերջնական որոշումը հաստատվել է, և արդեն այստեղ պլանավորված են հետաքրքիր ձևաչափերով տարբեր միջոցառումներ, համերգային ծրագրեր և այլն:

Այստեղ ելույթ կունենան նաև երիտասարդ ստեղծագործողները, և շատ կարևոր է, որպեսզի մեր ինքնազբաղ արտիստները ևս հնարավորություն ունենան օգտվելու այս հարթակից։ Վստահ եմ, որ նորաբաց այս տարածքն ամենագործող և հանդիսատեսով լեցուն տարածքներից մեկը կլինի երևանյան մշակութային կյանքում»,- նշել է Տիգրան Վիրաբյանը և շնորհակալություն հայտնել թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանին նախաձեռնության համար:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի նշմամբ՝ Կառավարության աջակցությամբ տարածքը վերջնականապես վերադարձվել է Օպերային թատրոնին. «Սա օպերային թատրոնի սեփականությունն է. որոշել ենք, որ այս տարածքը պետք է դառնա համերգասրահ, ինչպես նաև մանուկների համար թատերաբեմ:

Պատրաստվում ենք փոքրիկ հանդիսատեսի համար բալետային և օպերային ներկայացումներ խաղալ, որպեսզի կարողանանք երեխաներին ներկայացնել հետաքրքիր բեմադրություններ, սովորեցնել թատրոն հաճախելու գործընթացը՝ տոմս գնելուց մինչև ներկայացում։ Այս միջոցառումների շարքը կնպաստի նոր սերնդի գեղագիտական դաստիարակությանը և, ընդհանրապես, թատերական կյանքի ապահովմանն ու շարունակական զարգացմանը:

Տարածքի վերանորոգումները դեռ շարունակվում են, և այդ ընթացքում տեղի կունենան համերգներ և ներկայացումներ: Փետրվարին մենք արդեն կունենանք լիարժեք նոր աթոռներով հագեցած համերգասրահ՝ գեղեցիկ լուծումներով։ Շնորհակալություն եմ հայտնում Կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը, որ տարածքը վերադարձվեց Օպերայի և բալետի թատրոնին»:

Կարեն Դուրգարյանի նշմամբ՝ տարածքի գործարկման մեկնարկը կտրվի նոյեմբերի 1-ին՝ ի հիշատակ հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակի։ Դաշնակահար Հայկ Մելիքյանը կկատարի Ա. Սպենդիարյանի և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: